top of page

Դատարանը մերժել է Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցելու որոշման դեմ բողոքը



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։


Ռուբեն Վարդազարյանը միաժամանակ երկու բողոք է ներկայացրել դատարան՝ վիճարկելով քրեական գործ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու որոշումները՝ հիմքում դնելով իր անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։


Դատարան ներկայացված բողոքներից մեկը՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից բավարարվել է։ Դատարանն արձանագրել էր Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել այն։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։ Դատարանի որոշումն այդպես էլ ի կատար չի ածվել, թեև այն օրինական ուժ էր ստացել հրապարակման պահից, իսկ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վարդազարյանի իրավունքների խախտումն արձանագրող որոշման դեմ, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից բավարարվել է։


Վարդազարյանի կողմից ներկայացված բողոքներից մյուսը՝ քրեական գործի հարուցման որոշման դեմ, մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը մերժել է բողոքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։


Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։


Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։


Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկով վիճարկվում էր քրեական գործի հարուցումը, մյուս բողոքով՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Երկու բողոքներով էլ բարձրացվել է գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե, ինչը հաստատվել էր նաեւ առաջին ատյանի դատարանի որոշմամբ։


Արձանագրենք, որ մամուլին տեղեկությունների համաձայն՝ դատախազության համար ցանկալի որոշումը կայացրած Մհեր Արղամանյանի որդին եւս հավակնում է դառնալ դատավոր ու արդեն քննություն է հանձնել նոր ձեւավորվող դատարանի համար կազմակերպված քննության ժամանակ։ Եւ կարծիք կա, որ մատուցված ծառայությունների համար Արղամանյանը կխրախուսվի։ Այս տեղեկատվությունը չի հերքվել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page