Սեյրան Օհանյանը` ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար. «Sputnik»
Sputnik Արմենիան հայտնում է, որ ութերորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Խմբակցության քարտուղարի վերաբերյալ քննարկումները քաղաքական ուժի ներսում շարունակվում են։
«Հայաստան» դաշինքից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնել են, որ ԱԺ–ում խմբակցության անդամների դերաբաշխման մասին դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ` վաղը, և խորհուրդ տվեցին սպասել։
Նշենք, որ Սեյրան Օհանյանն այս պահին, ինքնաբացարկի դիմումների արդյունքում, զբաղեցնում է «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 7-րդ համարը։
Այս քաղաքական ուժն ապագա խորհրդարանում 29 մանդատ է ստանալու, որից մեկը` ազգային փոքրամասնության ներկայացուցչի` ասորական համայնքի անդամ Զեմֆիրա Միրզոևայի համար։
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։
Comments