Սպարապետի քայլը Գասպարյանի արարքի հետ համեմատելը ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում է․ Սարգսյան
Եթե ազատամարտիկներին համախմբած ու զրոյից բանակ ստեղծած, տարածքներ ազատագրած և հաղթանակներ կերտած ՊՆ նախարարը, որ ի պաշտոնե նաև Անվտանգության խորհրդի անդամ է, Արցախում տարածքներ հանձնելու հարցում պետք է տեսակետ չհայտնի, ո՞վ պետք է հայտնի։ Ֆեյսբուքյան իր էջում նման հարց է հնչեցրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանը սխալ է արել՝ քննադատելով քաղաքական իշխանությանը։
«Անլուրջ է, չէ՞: Անլուրջ կվերաբերվեի և հարկ չէի համարի անրադառնալ տվյալ անհատին, եթե հիմքում սուտ չլիներ. 1998-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չի տարածել ու չի պահանջել նախագահի հրաժարականը, ուստի Օնիկ Գասպարյանի արարքի հետ համեմատությունը կամ անտեղյակություն է ու ոչ կոմպետենտություն, կամ ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում»,- գրել է նա։
Արամ Սարգսյանը շեշտել է՝ անցյալում անելիք չկա, անողը արել է․ «Զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ»։
Comments