«Իմ քայլի» վարկանիշը կտրուկ նվազել է, «Հայաստան» դաշինքինը՝ աճել. «Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումները
- May 24, 2021
- 2 min read

«Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիան մայիսի 18-21-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանում հեռախոսային հարցումներ է իրականացրել 800 անձանց շրջանակում։
Ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջատար կուսակցությունները մի քանիսն են, առաջինը «Իմ քայլը» դաշինքն է ՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին, նրանք գրանցել են 24.8 տոկոս ցուցանիշ։ Երկրորդը «Հայաստան դաշինքն է», որը գրանցել է 14.3 տոկոս։ Երրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 4.3 տոկոսով։ Նրանց հետևում է 3.1 տոկոսով «Պատիվ ունեմ» դաշինքը, 5-րդ տեղում «Հայրենիք» կուսակցությունն է 2.5 տոկոսով, «Լուսավոր Հայաստանը» 2 տոկոս է գրանցել։
Համեմատելով մեկ ամիս առաջ իրականացված հարցման տվյալների հետ՝ նա նշեց, որ «Իմ քայլը» դաշինքինը այն ժամանակ ուներ 27.2 տոկոս։
«Այսինքն, մենք ունենք մոտ 2.5 տոկոս նվազում այս ուժի մոտ և զգալի աճ՝ «Հայաստան» դաշինքի մոտ։ Նրանք նախկինում ունեին 8.1 տոկոս, հիմա արդեն 14.3 տոկոս։
Կարծում եմ, սա զգալի աճ է։ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մոտ նույնպես որոշակի աճ կա, որը սակայն այդքան էլ զգալի չէ։ Զգալի աճ է գրանցել նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որը 1 տոկոսից հասել է 2.5 տոկոսի»։
Նավասարդյանն ասաց, որ հարցումն անցկացվել է այն շաբաթվա ընթացքում, երբ արձանագրվեց ադրբեջանական ուժերի ներթափանցումը Սյունիքի և Գեղաքունիքի մարզեր։
«Անկեղծ ասած՝ իմ տպավորությամբ այդ անկումն ավելի էական պետք է լիներ, հաշվի առնելով նախորդ շաբաթվա իրադարձությունները, բայց սա այն է, ինչ գրանցել ենք։
Այն խնդիրները, որ առաջացան ադրբեջանական ուժերի ներխուժումով դեպի հայկական տարածք, այն անգործությունը, որը ցուցաբերեց իշխանությունը և վտանգի գործոնի մեծացումը հանգեցրեց նրան, որ իշխող ուժի ռեյտինգը նվազել է ու ի հակադրություն դրան բարձրացել է «Հայաստան» դաշինքի վարկանիշը, որովհետև որպես իշխող ուժին հիմնական հակադրվող ուժ՝ հենց «Հայաստան» դաշինքն է նշվում, քանի որ անվտանգային խնդիրները գնալով Հայաստանում մեծանում են, իսկ Ռոբերտ Քոչարյանը իր խարիզմայով ու ընկալմամբ՝ ավելի մոտ է անվտանգային խնդիրների լուծմանը, որպես նաև ռազմական ղեկավար»։
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ հարցումները կատարվել էին այն ժամանակահատվածում, երբ տեղի էր ունեցել «Հայաստան» դաշինքի մեկնարկը և հանրահավաքը, այդ ամենն, ըստ էության, արտացոլվել է նրանց ցուցանիշի վրա։
Անդրադառնալով քաղաքական գործիչների գնահատականին՝ նա տեղեկացրեց, որ միակ պետական գործիչը, որ դրական տիրույթում է գնահատական ստացել՝ դա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է եղել, նա ստացել է 3.9 բալ, մնացած բոլոր գործիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը բացասական տիրույթում գնահատական։
Մասնավորապես, Փաշինյանը ստացել է 2.5 բալ, Ռոբերտ Քոչարյանը 2.1 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.1 բալ, ԲՀԿ և ԼՀԿ առաջնորդները՝ 1.7 բալ։
Նա նաև տեղեկացրեց, որ հարցում են իրականացրել նաև պարզելու համար, թե ինչպիսին է ընկալումը Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների ընկալման տեսանկյունից։ Բնակիչների 20 տոկոսը հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում ապրելն անվտանգ է, պատասխանել է, որ «Միանշանակ անվտանգ է», «Ավելի շուտ անվտանգ է»՝ ասել է 20.6 տոկոսը։
«Ավելի շուտ անվտագ չէ» նշել է 27.5 տոկոսը և «Ընդհանրապես անվտանգ չէ» նշել է 28.5 տոկոսը։
«Այսպիսի ցուցանիշներ մենք ստանում ենք առաջին անգամ։ Հետևաբար, պետք է հասկանալ, որ կտրուկ է փոխվել այս անվտանգային խնդիրների ընկալումը Հայաստանում, որովհետև մինչև հիմա ինչ եղել է՝ տեղի է ունեցել՝ Արցախում, Արցախի շուրջ ու Հայաստանը ՀՀ քաղաքացիների մոտ ընկալվում էր որպես վայր, որը ոչ մի կերպ խնդիր չի հարուցելու։
Անցած շաբաթվա և դրանից առաջ տեղի ուեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ այսօր արդեն անվտանգության խնդիրը կա նաև հենց Հայաստանում»։


























Comments