Իրանը կոշտ է արձագանքելու «Մեծ Ադրբեջան» կառուցելու պանթուրքական ծրագրերին. վերլուծություն
- Sep 22, 2021
- 1 min read

Իրանի խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմաիլին պատասխանել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովի այն հայտարարությանը, որ եթե Իրանն ունի պոչ, ապա Ադրբեջանը կարող է այն կտրել:
Էսմաիլին նշել է, որ «պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալն անդառնալի հետևանքներ կունենա»։
Իրանը սուր է արձագանքում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ զորավարժություններին, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի և սուննիական, միջուկային տերություն Պակիստանի մեսիջն են Իրանին: Բաքվից ժամանակ առ ժամանակ հնչում են տարածքային պահանջներ Իրանի նկատմամբ՝ Իրանական Ադրբեջանի հանդեպ Բաքուն և Անկարան ունեն նկրտումներ: Թեհրանը շատ կոշտ է արձագանքում պանթուրքական նկրտումներին և իր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին:
Ադրբեջանցի խորհրդարանականն Իրանին է փոխանցում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի ընդհանուր մեսիջը կամ հնարավոր գործողությունների պլանը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվացրել է իր պանթուրքական ծրագրերն Իրանական Ադրբեջանում: Բաքուն ցանկանում է ստեղծել «Մեծ Ադրբեջան»՝միավորել Ադրբեջանի Հանրապետությունն ու Իրանական Ադրբեջանը: Նշենք, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան և Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել կոալիցիաների շահերից է բխում Իրանի բալկանիզացիան՝ էթնիկ-կրոնական սահմաններով մասնատումը: Ինչ վերաբերում է հայկական ազգային, պետական շահերին, ապա Հայաստանի համար Իրանի տարածքային ամբողջականությունն ու կայունությունը նույնքան կարևոր են, որքան Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Իրանը Հայաստանի դաշնակից, բարեկամ պետությունն է, ու Երևան-Թեհրան դաշինքը պետք է համատեղ գործողություններով դիմագրավի Մեծ Թուրան կառուցելու Անկարայի և Արևմուտքի ջանքերին:
Մեծ Թուրանի կառուցումն ուղղված է Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի տարածքային ամբողջականության դեմ, քանի որ այդ երկրների տարածքում բնակվում են թուրքական ժողովուրդներ:
Արտյոմ Բալասանով


























Comments