Իմ հանձնարարականը անհետաձգելի գործ ա․ Փաշինյանը զայրացավ Դումանյանի վրա և անջատել տվեց խոսափողը
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում որոշում կայացրեց մեկ անձից գնման եղանակով մարզագույք (ծանրաձողեր) ձեռք բերելու համար գումար հատկացնել: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ՀՀ ըմբշամարտի հավաքականի՝ լավագույնս նախապատրաստվելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխման արդյունքում լրացուցիչ հատկացնել ևս 8,420 հազար դրամ:
Ձեռքբերվող ծանրաձողերն անհրաժեշտ են «Տոկիո-2021» Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, այսինքն՝ Օլիմպիական խաղերից առնվազն 30 օր առաջ, և նախատեսվում է, որ մատակարարումը կիրականացվի 4-5 օրվա ընթացքում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով.
«Այստեղ մի քանի հարց է ծագում: Առաջինը՝ երբ ես հանդիպում էի ծանրամարտի հավաքականի մարզիկների ու մարզիչների հետ և ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն՝ պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով:
Մեր հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի ապրիլի 27-ին, այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, և, եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիադան տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին: Առաջին հարցս դա է. ինչու է 2 ամիս անց կայացվում այս որոշումը, և ե՞րբ ծանրաձողերը կլինեն տեղում:
Երկրորդ հարցը․ ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող: Հիմա ես որոշման նախագծից իմանում եմ, որ 7 լրակազմ ծանրաձողի մասին է խոսքը: Ուզում եմ պայմանավորվենք, որ ես նման գործելաոճը չեմ հանդուրժելու: Եթե ես ասել եմ՝ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը: Կառավարությունը, աշխատակազմերը նրա համար են, որ այդ հարցերի լուծումները գտնեն: Երկրորդ՝ այս ծանրաձողերը օլիմպիադայից հետո են գալու հասնեն Հայաստան:
Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Արագ որոշման նախագիծը վերաձևակերպում եք, որ գրավոր ընթացակարգով ընդունեմ, և համապատասխանեցնում եք իմ հանձնարարականներին: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, որ նման իրավիճակի ենք բախվում: Դա վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին ու պաշտոնյաներին»:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փորձեց արդարանալ՝ ասելով, որ հանձնարարականը ստացել են ապրիլի 30-ին, սակայն Փաշինյանը նրան ընդհատեց՝ ասելով.
«Դուք էնտեղ նստած եք եղել, նստած է եղել ձեր տեղակալը, ուրիշ պաշտոնյաներ։ Դուք ասում եք՝ երեք օր հետո գրավոր ստացել եք: Ամեն ինչ այդտեղից է սկսվել: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ հնչում են: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարականն անհետաձգելի գործ է: Եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա նրա համար առաջնահերթություն է»:



Comments