top of page

2-րդ կարգի «Մարտական խաչ» ՝ զոհվելուց 2 տարի անց․ Ռաֆիկ Հովսեփյանի պատմությունը (լուսանկարներ)

  • Feb 21, 2022
  • 1 min read

ree

Ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովսեփյանի համար հայրենիքն առաջնային էր։ Մանկուց երազել ու իր առաջ նպատակ էր դրել` զինվորական դառնալ։ Ծնողները հաճախ ընդդիմանում էին, բայց Ռաֆիկին ոչինչ հետ պահել չէր կարող։


MediaHub-ը զրուցել է 44-օրյա պատերազմում զոհված 28-ամյա Ռաֆիկ Հովսեփյանի կնոջ՝ Կարինե Կուրղինյանի հետ։


Պատերազմից 7 ամիս առաջ էին ամուսնացել, նպատակներ ունեին, որ այդպես էլ կիսատ մնացին։ «Ուզում էինք՝ Իջևան տեղափոխվել, հոկտեմբերի 1-ին էր դիմումը գալու։ Պիտի ինձ համար աշխատանք գտնեինք․ երեխաներ, ընտանիք»։


Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, հետո կրթությունը շարունակել ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի զորամասում էր ծառայում, դասակի հրամանատար էր։


Կարինեն կարոտով է հիշում ամուսնու ծառայության օրերը, զրույցները, թե ինչպես էր սպասում, որ գար աշխատանքից։ «Դիրքեր բարձրանալուց տպավորություն էր, թե իր հետ ծառայում եմ»։



ree

Պատերազմը սկսելու լուրը Ռաֆիկն իմացել է, երբ տանն էր, զանգել են ու կանչել, առանց մեկ վայրկյան մտածելու՝ պատրաստվել է, առաջնագիծ մեկնել ու հաջորդ օրն արդեն Ջրական հասել ։ Պատերազմի օրերին հերոսը ընտանիքի անդամներին թեժ մարտերի մասին ոչինչ չի ասել, չի թողել, որ մտահոգվեն, հույս է տվել, թե հաղթանակը մերն է լինելու։



ree

Ընտանիքը Ռաֆիկից վերջին անգամ հեռախոսազանգ է ստացել հոկտեմբերի 6-ին։ Հարազատներին լուր է հասել, թե լեյտենանտը վիրավոր է։ Այդ տեղեկությունն օդում կախված էր. Ռաֆիկն անհետ կորած էր համարվում։ Միայն մեկ տարի ու մեկ ամիս անց է հաստատվել, որ Ռաֆիկը զոհվել է։


ree

Հարազատներն ամեն ինչ արել են նրան գտնելու համար, սակայն ՊՆ-ից, հրամանատարներից ոչինչ չեն լսել, զոհվելը ԴՆԹ անալիզն է հաստատել։


Հուղարկավորումից 3 ամիս անց լեյտենանտը պարգևատրվել է 2-րդ կարգի «Մարտական խաչ» շքանշանով։

«Իր բացակայությունը ոչինչ չի կարող մեղմացնել։ Մի փոքր սփոփանք է, որ իր արած սխրանքները գնահատվեցին»,- ասում է կինը։


Հերոսը ժառանգ ունենալ չհասցրեց, իր գործը շարունակող չունի։


Լիաննա Թորոսյան


ree

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page