Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում մարդկանց իրավունքներին՝ նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից: Առավել հստակ՝ 38 154 քաղաքացի տուն չունի ընդհանրապես: Նրանցից 15 հազարն ապրում է Ստեփանակերտում, 5000-ը՝ Արցախի այլ շրջաններում, սակայն մեծ մասը՝ վարձով: Գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը, որոնք մշակում էին գյուղացիները, նույնպես մնացել է ադրբեջանական հսկողության տակ: Նույն իրավիճակն է նաև ջրագծերի մասով: Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրել է 2000 հուշարձան, որոնք այժմ վտանգված են. Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է դրանք: Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջաններում է մնացել նաև 127 դպրոցական գրադարան: Արցախից զատ՝ պատերազմից տուժել են նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները. ադրբեջանցիները նրանցից պարբերաբար գողանում են ընտանի կենդանիներին, հրդեհում խոտհարքերը:
Հանդիպման ժամանակ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած այն միջադեպի մասին, երբ պատգամավորին բռնությամբ դուրս են հանել դահլիճից կարծիք արտահայտելու համար: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ԶԼՄ-ներին առնչվող մի շարք օրենսդրական փոփոխությունների: Նրա դիտարկմամբ՝ համացանցում ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պետք է պայքարել, սակայն այնպես, որ չտուժեն բարեխիղճ լրատվամիջոցները:
Սահմանափակվել են նաև խորհրդարանում հավատարմագրված լրագրողների տեղաշարժն ու նրանց իրավունքները, ասել է հանձնաժողովի նախագահը: Թագուհի Թովմասյանը մասնավորապես նշել է, որ վերջերս լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ այնտեղ, որտեղ նրանք մասնագիտական գործունեություն էին իրականացնում:
Լրագրողների տեղաշարժի սահմանափակումների առնչությամբ համազեկուցողները պարզաբանել են, որ նման սահմանափակումներ կան նաև իրենց երկրներում. «Կան քննարկումներ, որոնք պետք է փակ լինեն»,- մասնավորապես ասել է Կիմո Կիլյունենը:
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին, բարձրաձայնել ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Պատգամավորները կարևորել են այս հարցում միջազգային կառույցների աջակցությունը: Նշվել է, որ հստակ տեղեկություններ չկան, թե որքան է ռազմագերիների և պահվող այլ անձանց թիվը: Համազեկուցող Բորիանա Աբերգն ընդգծել է, որ իրենց համար ևս չափազանց կարևոր է ռազմագերիների խնդիրը, և իրենք յուրաքանչյուր առիթ օգտագործում են, որպեսզի լուծվի նրանց վերադարձի հարցը:























Comments