Դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների առնչությամբ հարուցվել է քրգործ. ՔԿ

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել դատական դեպարտամենտում։ Արդյունքում պարզվել է, որ տեղի են ունեցել առերևույթ չարաշահումներ՝ կապված գործուղման ծախսերի հետ։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ :
Համաձայն ՔԿ տարածած հայտարարության՝ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ, իբրև թե գործուղվել են ՀՀ մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի գումար․ ընդհանուր՝ 41 934 000 դրամ:
Պարզվել է, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաև հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ:
«Նկատի ունենալով, որ նշված ուսումնասիրության արդյունքներում առկա են եղել քրեական գործ հարուցելու առիթ և բավարար հիմքեր, դրանցում տվյալներ են պարունակվել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, դատական դեպարտամենտի աշխատակիցների՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, կեղծ փաստաթղթեր օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, դատական դեպարտամենտի իրավասու պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն»,- նշված է հայտարարության մեջ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:























Comments