top of page

ՌԴ-ն թույլ չի տա Արևմուտքին և Թուրքիային Ղազախստանից կերտել «նոր Ուկրաինա»

  • marineyeremyan99
  • Feb 10, 2022
  • 2 min read


ree

Ղազախստանում այլևս չեն իրականացվելու «Տափաստանային արծիվ» զորավարժությունները՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամների մասնակցությամբ: Ղազախստանը չի համաձայնել իր տարածքում տեղադրել Աֆղանստանից դուրս բերվող ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական ենթակառուցվածքները: Այդ մասին հայտարարել է Ղազախստանում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը:


Դեսպանը նշել է, որ Ղազախստանը՝ՌԴ-ի ամենամոտ դաշնակիցն է:


Ղազախստանում վերջերս տեղի ունեցած անկարգություններից հետո ռուս-ղազախական հարաբերություններն ավելի սերտացան՝ Մոսկվան ՀԱՊԿ-ի միջոցով կարողացավ կարգ ու կանոն հաստատել Ղազախստանում՝ թուլացնելով այդ երկրում պանթուրքական և արևմտամետ խմբերին:


Նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի օրոք Ղազախստանն իրականացնում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ խորացնելով տնտեսական, էներգետիկ կապերը Թուրքիայի, Արևմուտքի և Չինաստանի հետ: Ղազախստանը թյուրքական բազմաթիվ հարթակների, կառույցների անդամ է և Մեծ Թուրանի ծրագրի իրականացման առումով Անկարայի գեոպոլիտիկ ռազմավարության մեջ այդ երկիրը կենտրոնական տեղ է զբաղեցնում:


Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո թուլացան Նազարբաևի կլանի դիրքերը՝ այդ կերպ Ղազախստանն ավելի մեծ կախվածության մեջ ընկավ Մոսկվայից և ՌԴ-ի կողմից առաջ մղվող ինտեգրացիոն ծրագրերից: Դեսպանը հստակ մեսիջ է հղում Արևմուտքին, որ ՌԴ-ի հարավային սահմանների երկայնքով՝ Ղազախստանում այլևս չեն իրականացվելու ամերիկյան և նատօական ուժերի հետ համատեղ զորավարժություններ: Ղազախստանը հստակ կողմնորոշվել է իր արտաքին քաղաքական ուղենիշներում դեպի Մոսկվա:


Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ պայքարը տեղափոխվել է նաև Ղազախստան՝ Մոսկվան ամեն ինչ անելու է, օգտագործելու է բոլոր գործիքակազմերը՝ Ղազախստանն իր ազդեցության գոտում պահելու և իր հարավում «նոր Ուկրաինա» չստանալու համար:


Թուրքիայի և անգլո-սաքսոնական ուժերի ռազմավարության մեջ Ղազախստանն իր էներգետիկ, նավթագազային մեծ պաշարներով, ՌԴ-ին և Չինաստանին սահմանակից լինելու հանգամանքով պայմանավորված՝ մեծ հետաքրքրություն է ներկայացնում:


Արևմուտքը, պանթուրքական, պանթուրանական ծրագրերի լոբբինգն իրականացնելով և օգտագործելով Մեծ Թուրան կառուցելու Անկարայի դարավոր երազանքը, ցանկանում էր ի դեմս Ղազախստանի՝ ունենալ ազդեցության լծակ թե ՌԴ-ի, թե Չինաստանի վրա: Ղազախստանը ՀԱՊԿ անդամ-երկիր է, ՌԴ-ի հետ ունի սերտ տնտեսական կապեր ԵԱՏՄ և երկկողմ մակարդակներում, իսկ Չինաստանը գնում է ղազախական էներգակիրները: Բացի այդ, Ղազախստանով է անցնում չինական Մետաքսի ճանապարհի մի հատվածը: Հսկողություն սահմանելով Ղազախստանի նկատմամբ՝ Թուրքիան և Արևմուտքը կարող էին ազդել ռուսական և չինական գեոպոլիտիկ շահերի վրա:


Այսպիսով, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մոսկվան որոշում է կայացրել ավելի սերտացնել կապերը Ղազախստանի հետ՝ զերծ պահելով Ղազախստանին Արևմուտքի և Թուրքիայի հետ սերտ կապերից: Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ պայքարը հետխորհրդային տարածաշրջանում միայն խորանալու է և Մոսկվան հստակ կողմնորոշում է պահանջելու ՀԱՊԿ անդամ իր դաշնակիցներից:


Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page