top of page

Նախարար Միրզոյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն

Sep 29, 2021
1 min read


Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։


«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ՝ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page