ԲԴԽ-ում քննարկվել է դատավորների բարեվարքության ստուգման հարցը
- Oct 29, 2021
- 1 min read

Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Անի Մխիթարյանն ու Վիգեն Քոչարյանն ընդունել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համատեղ գործունեության շրջանակները: Անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն ռազմավարության զարգացմանը, որը կնպաստի դատաիրավական ոլորտն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելուն: Քննարկվել են նաև դատավորների բարեվարքության ստուգմանը, դատավորների գնահատման կարգի արդյունավետության բարձրացմանը, դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի խափանմանը և նոր ծրագիր ներդնելուն վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Hozzászólások