Ձեր հայհոյանքի բառերն արագ տարածվում են մարդկանց մեջ․ ՄԻՊ-ը՝ քաղաքական ուժերին

Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են:
Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն` զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով:
Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոկրետ իրավիճակների: Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջև հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան:
Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս:
Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում եմ դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու արատավոր պահվածքը»,- ասված է ՄԻՊ հայտարարությունում։























Comments