top of page

Պետք է դադարեցվի մուրճի հռետորաբանությունը․ ՄԻՊ

Jun 18, 2021
1 min read


ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։


«Սա խիստ վտանգավոր, բացարձակ դատապարտելի երևույթ է: Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից:


Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր: Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ Վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:


Ուստի, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները:


Բոլորին կոչ ենք անում որևէ պարագայում չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել: Առավել ևս դա պարտավոր են կանխել Վարչապետի թեկնածու համարվող գործիչները, այլ ոչ թե հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրարգերը ցույց տալու համար:

ՀՀ ոստիկանությունը պետք է լինի առավել զգոն և մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն իրական կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին»,- ասված է հայտարարության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page