top of page

Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում միջազգային իրավունքի կոպիտ խախտում է. Արման Թաթոյան

Jun 3, 2021
2 min read

Երեկ՝ հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը:


Ավելին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեցին հայտարարություն. «Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է և ուղարկվել դատարան»։


Նախ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական ցուցմունքների» հիման վրա:


Ակնհայտ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ ապօրինի և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են:


Ադրբեջանական իշխանությունների կողմից վարվող հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն էլ ընդհանրապես հաստատում է քրեական ընթացակարգերի ապալեգիտիմիությունը և ավելորդ դարձնում անգամ որևէ իրավունքի մասին խոսելը: Ավելին, այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի և մի շարք այլ կենսական իրավունքներ:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ, ինչպես երևում էր երեկ ադրբեջանական աղբյուրներով հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած վիճակում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ այդ վերաբերմունքն ու հրապարակումներն արվել են այն նպատակով, որ լրացուցիչ հոգեկան տառապանքներ պատճառեն գերիների ընտանիքների անդամներին և լարվածություն առաջացնեն հայկական հասարակությունում:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության տարածված կոչեր:


Ուստի, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների ու նրանց ընտանիքների իրավունքները, քաղաքկանացնում են մարդասիրակակ հարցերը:


Եվ այս ամենն այն պայմաններում, որ ադրբեջանական իշխանությունները չեն հայտնում գերիների իրական թիվը:


Հետևաբար, հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:


Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page