top of page

ՄԻՊ-ը Ավստրալիայի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

Jul 26, 2021
2 min read


Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: «Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբն այդ երկրի խորհրդարանի անդամների հետ հուլիսի 26-ին կազմակերպել է քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ ադրբեջանական պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավմամբ, սահմանային բնակիչների իրավունքների և գերիների ազատ արձակման թեմաներով։


Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն: Նրանց ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է:


Ադրբեջանական զինծառայողները պարբերաբար առաջացնում են բերքահավաք և խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ, կատարում են կենդանիների գողություններ, հնչեցնում են բնակիչների նկատմամբ սպառնալիքներ և այլն: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին: Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:


Հայ դատի հանձնախումբը և Ավստրալիայի խորհրդարանի անդամները կարևորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը պատերազմի ժամանակ և դրանից հետո մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու հարցում: Միջոցառմանն Արման Թաթոյանի զեկույցին հաջորդել է քննարկում Պաշտպանի և խորհրդարանականների միջև»,- նշված է հայտարարության մեջ:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page