top of page

ՄԻՊ-ը՝ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների մասին․ «Ժողովուրդ»

Apr 30, 2021
3 min read

«ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անդրադարձել է նաև «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» նոր հանցակազմի ամրագրման հետ կապված խնդիրներին:


Այսպես, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» 154.15-րդ հոդվածով: Վերջինով պատիժ է նախատեսվում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, քվեարկության օրը՝ մինչև օրենքով սահմանված՝ քվեարկության ավարտը կամ դրան նախորդող օրը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով անանուն աղբյուրի միջոցով վարկանիշը վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում նույն արարքի համար, որն իրականացվել է հինգ կամ ավելի անանուն աղբյուրների միջոցով:


Հարկ ենք համարում միանգամից արձանագրել, որ մեր օրերում լայն տարածում են ստացել ատելության խոսքը, կեղծ և զրպարտող լուրերի տարածումը, ինչը մտահոգիչ է: Այս ամենը լուրջ մարտահրավեր է ստեղծում պետության համար, քանի որ ավելացնում է անհանդուրժողականությունը, նպաստում է լարվածության աճին և, իհարկե, խաթարում է մարդու իրավունքների համակարգն ու խնդիրներ առաջացնում իրավունքի գերակայության համար:


Այդուամենայնիվ, Քրեական օրենսգրքում նման հանցակազմի լրացման հետ կապված առկա են որոշ նկատառումներ և մտահոգություններ: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2010 թվականից ապաքրեականացվել են զրպարտությունն ու վիրավորանքը և այդ ինստիտուտները տեղափոխվել են քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման տիրույթ: Զրպարտության ապաքրեականացման համար հիմք է հանդիսացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի՝ զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ թիվ 1577(2007) բանաձևը ։

Նշված բանաձևի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ նշել է, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:


«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լրացվող հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով կատարված արարքի համար նախատեսվում է ազատազրկում: Մինչդեռ,Վեհաժողովը նաև հստակ մոտեցում է որդեգրել առ այն, զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի:Անդամ պետություններին, ի թիվս այլնի, կոչ է արվելանհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը ։

Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ այն միջամտության աստիճանը, որ քրեական արդարադատության կամ քրեաիրավական միջոցներով կարող է տեղի ունենալ մարդու իրավունքների նկատմամբ: Ուստի, այս փոփոխությունը ուղղակի և անուղղակի կերպով շոշափում է ընտրական իրավունքի իրացման հետ կապված կարևոր հարցեր: Բնականաբար, այս կարգավորումը պետք է անպայմանորեն դիտարկել օբյեկտիվ իրականության շրջանակում: Պատկերացնենք իրավիճակ, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցության վերաբերյալ տարածվել են կեղծ լուրեր և անանուն աղբյուրով կեղծ լուրեր տարածելու համար ձերբակալվում է ընտրություններին մասնակցող մեկ այլ, այդ թվում՝ հակառակորդ կուսակցության անդամ: Բնականաբար, արձանագրված դեպքը տարածում է գտնելու տեղեկատվության հրապարակային աղբյուրներում, և հասարակության լայն շերտերի մոտ դառնալու է քննարկման առարկա, ինչն էլ ազդելու է տվյալ կուսակցության վարկանիշի վրա: Մյուս կողմից, կոնկրետ անձը քրեական ընթացակարգի շրջանակներում, երբ դեռ ընթանում է, ասենք, նախընտրական քարոզչությունը, կարող է մեկուսացվել նախընտրական գործընթացներից, օրինակ՝ ձերբակալվելով, բերման ենթարկվելով, կալանավորվելով և այլն: Իրավապահ մարմինները թեև պետք է պահպանեն տվյալ անձի անմեղության կանխավարկածը, սակայն չենք կարող չփաստել, որ հանրության շրջանում տվյալ անձի և նրա կուսակցության վարկանիշը վնասվելու է: Իսկ դատարանի կողմից մեղադրանքը չհաստատվելու պարագայում ունենալու ենք մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացներում խաթարվել է տվյալ անձի ընտրական իրավունքի իրացումը, իսկ նրա կուսակցությունն ունեցել է վարկանիշի անկում:


Հարցն առավել խնդրահարույց է դառնում այն պարագայում, երբ ընտրություններն անցկացվելու են «փակ ցուցակներով» և անգամ ընտրական ցուցակներում չընդգրկված, սակայն ընտրողների մոտ տվյալ կուսակցության հետ կապվող անձի նկատմամբ այս հոդվածով գործի հարուցումը բացասաբար է ազդելու տվյալ կուսակցության կամ կուսակցության դաշինքի վարկանիշի վրա:

Ասվածից զատ, նման մտահոգության տեղիք են տալիս քրեականացվող արարքի պայմանները՝ «անանուն աղբյուրի միջոցով» և «վարկանիշը վնասելու նպատակով» ոչ առարկայական լինելը, ինչի արդյունքում, հնարավոր է, հանցակազմի առկայությունը չհավաստվի, սակայն նախաձեռնված քրեական վարույթն արդեն իսկ ունենա բացասական ազդեցություն ենթադրյալ իրավախախտ՝ ընտրական գործընթացի մասնակցի համար:

Հետևաբար, առաջարկում ենք նշված ռիսկերը հաշվի առնել օրենսդրական փոփոխություններ կատարելիս:


Նյութի աղբյուրը՝ armlur.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page