top of page

140 ուսուցիչ՝ 20 երկրից․ սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն հեռավար ձևաչափով

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jul 23, 2021
  • 2 min read

ree

Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է շուրջ 20000 կտոր ուսումնական գրականություն»:



Ինչպես փոխանցում են ԿԳՄՍՆ-ից, Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ այս տարի կիրականացվի հետազոտություն, որի նպատակն է գնահատել վերջին տասը տարում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ազդեցությունը սփյուռքի կրթօջախներում իրագործվող կրթական գործընթացների վրա. «Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները նույնպես կնպաստեն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը զարգացնելու և կատարելագործելու համար: Ցանկանում եմ հայտնել նաև, որ սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային նոր հարթակի ստեղծմամբ, որի մշակումն ու շահագործումը նախաձեռնել է նախարարությունը, հնարավոր կլինի նաև ստանալու տեղեկություն սփյուռքում գործող կրթամշակութային հաստատությունների մասին»:

Եզրափակելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ այս տարվա վերապատրաստումը նույնպես բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ:

Առցանց հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա որպես նորամուծություններ կարևորել է տնօրենների վերապատրաստումը և «Հայոց պատմության դասավանդման» ու «Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդման» վերապատրաստման կազմակերպումն առանձին ծրագրերով:


«Համավարակը մեզ մղեց նորարարությունների. հետագայում ևս շարունակելու ենք ուսուցիչների վերապատրաստման որոշ բաղադրիչներ իրականացնել առցանց: Դա հնարավորություն կտա ընդլայնել մասնակիցների շրջանակը, աշխարհագրությունն ու ապահովել վերապատրաստման երկարատև գործընթաց»,- հավելել է փոխնախարարը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը նախարարության կողմից կազմակերպվում է հեռավար ձևաչափով՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Հաշվի առնելով հեռավար ձևաչափի սահմանափակումները՝ ծրագրային բովանդակության մշակման ընթացքում շեշտադրումը կատարվել է նոր գիտելիքի փոխանցման, կարողությունների և հմտությունների զարգացման վրա: Միաժամանակ մշակութային միջոցառումների փոխարեն, օրինակ՝ այցելություններ թանգարաններ, մշակութային գործիչների հետ հանդիպումներ և այլն, կազմակերպվելու են թանգարանային հեռավար ուսուցում և թեմատիկ դասախոսություններ:

Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչներ՝ շուրջ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝

ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայոց պատմության դասավանդում, հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում, վերապատրաստում տնօրենների համար:


Մեկամսյա դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ համագործակցությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page