top of page

Միրզոյանը ՆԱՏՕ-ի քարտուղարին ներկայացրել է ՄԽ մանդատով ԼՂ հարցը լուծելու կարևորությունը

Oct 21, 2021
1 min read

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:


Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։ Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը:


Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին: Խավիեր Կոլոմինա Պիրիսը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում Հայաստանի մասնակցության համար: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացումը և այդ առնչությամբ Հայաստանի կառավարության կողմից Ազգային գործողությունների ծրագրի իրագործումը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարևորությունը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page