Հայաստանի անվտանգության մարմինները միայնակ չեն կարող դիմակայել նշված մարտահրավերներին
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» մտահոգություն է հայտնել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի գրավյալ տարածքներն աֆղան ահաբեկիչներով բնակեցնելու խնդրի առնչությամբ։ Մտահոգությունը կրկնապատկվում է հատկապես հայաստանյան իշխանությունների «սորոսական թևի» զգալի ազդեցությամբ պայմանավորված, քանի որ նրանք Ռուսաստանին հետ են պահելու խնդրին ակտիվ ներգրավվելուց։
«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» տարածած հայտարարությունում ասվում է․
«Շարունակում են ահագնացող մնալ աֆղանստանյան զարգացումերը: Պատահական չէ, որ խնդրի մեջ ներքաշված են ոչ միայն համաշխարհային գերտերությունները, այլ տարածաշրջանային մակարդակի համարում ունեցող երկրները:
Բոլորին արդեն ակնհայտ է, որ թալիբներն ու թուրքերն ունեն ընդհանուր շահեր, ինչի վկայումն է Քաբուլի օդանավակայանի փաստացի կառավարումը թուրքերին հանձնելու պատրաստակամությունը, ինչպես նաև այս ողջ ընթացքում Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան անխափան գործունեությունը:
Թալիբների իշխանություն գալով՝ առանձնահատուկ կարևորություն է ստանում Գանձակի օդանավակայանի մերձ հարևանությամբ բոլորովին վերջերս Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանում կառուցված միջազգային օդանավակայանը, որի շահագործմամբ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ պատերազմելու մեջ արհեստավարժության հասած աֆղանական կոնտինգենտով, միջազգային ահաբեկիչներով ու այդկերպ տարածքը դարձնել Արցախի, ինչո՞ւ չէ, Հայաստանի վրա հարձակումների պլացդարմ:
Հայաստանյան անվտանգության մարմինները միայնակ ու սեփական ուժերով չեն կարող դիմակայել նշված մարտահրավերին: Հետևաբար, խնդիրը լուծելի է բացառապես մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ սերտ ու վստահելի համագործակցությամբ:
Սակայն Հայաստանի իշխանության ներսում սորոսական թևի զգալի ազդեցությունը, որը երաշխիք է ամեն վայրկյան դեպի Արևմուտք կուրսի փոփոխման, Ռուսաստանին, բնականաբար, հետ է պահելու ակտիվ ներգրավվածությունից և տարածաշրջանը դեմոգրաֆիկ փոփոխությունների ենթարկելու արդյունքում բնակեցվելու է մուսուլմանական արմատական ծայրահեղ հայացքներ ունեցող տարրերով»:
Comments