Եթե կողմ ես Էրդողանին տեսնել Սյունիքում, քվեարկիր Փաշինյանի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Երկու դեպքում էլ կողմերը եղել են զրահապատ ու առհասարակ թանկարժեք մեքենաների հսկա շարասյան ուղեկցությամբ, անհամար թիկնազորով, մեծաթիվ սպասարկուներով, այդ թվում և քաղաքացիական անձերի հանդերձավորված ոստիկանական պատկառելի ծառայակազմով։ Երկու դեպքում էլ ձեռնարկվել են անվտանգության ապահովման արտակարգ քայլեր, պետական սահմանը վերցվել է կրկնակի ուժեղացված հսկողության տակ։
Երկու կողմի այցն էլ ունեցել է խիստ ընգծված գործնական կողմ։ Թուրքադրբեջանական անբաժան երկյակը Շուշիում ստորագրել է ստրատեգիական նշանակության համաձայնագիր, որի առանցքում տարածաշրջանային առկա ու ուրվագծվող զարգացումներն են՝ Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու դիպուկ նշանառությամբ, երկրորդը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից։
Առանցքային այս ու խորքային այլ բաներ հաշվի առնելով՝ միջազգային փորձագիտական միտքն Էրդողանի գլխավորությամբ թուրքադրբեջանական զույգի հայտնվելը Շուշիում գնահատում է որպես միջազգային նշանակության իրադարձություն, մինչդեռ նիկոլական թափառախմբի ժամանումը լավագույն դեպքում դիտարկվում է որպես ձախողված այց հայաստանյան մի տարածաշրջան, որը տանելով տանել չի կարողանում Արցախը մանրադրամի վերածած, երկիրը վաճառքի հանած կապիտուլյանտի գոյությունը։ Արցախում արդեն և Էրդողանի ներկայությունը մարսելուց հետո, եթե կողմ ես նրան տիրոջ իրավունքով նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և հունիսի 20-ին քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին, քանզի քո այդ ընտրությամբ դրա՛ն ես արժանի »։























Comments