top of page

Ադրբեջան-Ղազախստան միջանցքի գոյությունը բխում է Թուրքիայի և Արևմուտքի շահերից

  • Dec 29, 2021
  • 1 min read

Ադրբեջանն այսօր կարևոր էներգետիկ և տրանսպորտային, լոգիստիկ միջանցք է, որն իր ներդրումն ունի տարածաշրջանային և միջազգային էներգետիկ անվտանգության ապահովման մեջ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:


Ղազախստանն ու Ադրբեջանը՝ Կասպից ծովում հարևան թյուրքախոս երկրներ են, որոնց կապում են տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գեոպոլիտիկ ընդհանուր շահերը: Ղազախստանն իր նավթագազային ռեսուրսներն արտահանում է Կովկաս և Թուրքիա՝ Ադրբեջանի լոգիստիկ հզորությունների միջոցով: Երկրների միջև գործում է նաև լաստանավային կապ:


Նշենք, որ Ղազախստանի համար Ադրբեջանը պատուհան է դեպի Արևմուտք՝ առաջին հերթին Թուրքիա՝ էներգակիրներն ու այլ ապրանքներն արտահանելու համար: Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի մասնակցությամբ գործում է Տրանսկասպյան էներգետիկ-տրանսպորտային միջանցքը, որը Չինաստանի Մետաքսի ճանապարհի ծրագրի մի մասն է:


Ադրբեջանի համար Ղազախստանն իր ապրանքները վաճառելու նոր շուկա է, Ղազախստանում բնակվում է 100.000-ոց ադրբեջանական համայնք: Ադրբեջանն աստիճանաբար նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից վերածվում է տարանցիկ ծառայություններ մատուցող երկրի՝ այս առումով Բաքվի նավահանգիստը դառնում է կարևոր լոգիստիկ հանգույց ղազախական ապրանքների համար: Ադրբեջանի և Ղազախստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը 2020թ.-ին կազմել է 140 միլիոն դոլար:


Գեոպոլիտիկ առումով Ադրբեջան-Ղազախստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի առկայությունը ձեռնտու է Թուրքիային, որը կառուցում է նոր թյուրքական կայսրություն, ինչպես նաև` Արևմուտքին, որը ձգտում է հսկողություն սահմանել կասպյան՝ ադրբեջանական, ղազախական նավթագազային ռեսուրսների նկատմամբ: Ադրբեջան-Ղազախստան միջանցքով նավթագազային ռեսուրսներն արտահանվում են ԵՄ՝ շրջանցելով ՌԴ-ի տարածքը:


Այսպիսով, ընդհանուր պանթուրքական նպատակներն ու տնտեսական շահերը սերտացնելու են Ադրբեջանի և Ղազախստանի հարաբերությունները, իսկ Թուրքիան և Արևմուտքն ամեն կերպ խթանելու են վերոնշյալ երկրների միջև հարաբերությունների սերտացումն ու դրանց բարձրացումը` ընդհուպ ռազմավարական դաշինքի մակարդակի: Իր հերթին, Չինաստանի համար Ղազախստան-Ադրբեջան լոգիստիկ միջանցքի անխափան գործունեությունը շահավետ է տնտեսական և քաղաքական առումներով՝ չինական էքսպանսիան նաև հետխորհրդային տարածքում իրականացնելու համար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page