Ադրբեջանական կողմը պետք է հարկ վճարած լինի. քաղավիացիայի կոմիտեն լռում է. «Ժողովուրդ»
- Oct 7, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մի ամբողջ օր գրել-ջնջելուց հետո՝ երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, վերջապես հարկ համարեց Հայաստանի տարածքով Նախիջեւան մեկնած ադրբեջանական օդանավի՝ դեռ առավոտից աղմուկ հանած թեմային անդրադառնալ: Հաղորդագրությունն այն մասին էր, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը Հայաստանի օդային տարածքը հատել է՝ դեռ մի քանի տարի առաջ կնքված «Բաց երկինք» պայմանագրի համաձայն:
Հայաստանի օդային տարածքը փաստացի երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի համար, ուղղակի դեռեւս 2013-2014 թթ. Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ է դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի մեր օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել:
Կոմիտեն՝ լրատվական ծառայություն ունի, տիկին Տաթևիկ Ռևազյանն էլ մամուլի քարտուղար չունի: Ռևազյանի օգնական Լիլիթի հետ կապ հաստատեցինք, խոստացավ ճշտել հարցի պատասխանն ու հետ զանգել: Ինչպես սպասվում էր, ոչ միայն հետ չզանգեց, այլեւ անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը բացատրեց՝ որևէ երկրի օդային ուղիներով թռիչք իրականացող ավիաընկերությունն ավիացիոն ծախսերի համար վճարում է անում: «Գումարի չափը ձևավորվում է՝ ըստ օդանավի քաշի, նրա անցած կիլոմետրի ու ինչ-որ գործակցի բազմապատկման:
Գումարը ստանում է «Հայէրոնավիգացիան», որ Կոմիտեին է ենթարկվում: Կոմիտեն էլ իր հերթին այդ գումարը բյուջե է փոխանցում»,- մանրամասնեց Խաչատրյանը: Ենթադրելի է, որ ադրբեջանական ավիաընկերությունը, գործող կարգի համաձայն, ՀՀ օդային ուղիներից օգտվելու համար որոշակի հարկ վճարել է, ինչը, սակայն, Կոմիտեն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է: Հուսանք՝ Էդմոն Մարուքյանի ասած «սիրուն աղջկա» ղեկավարած կառույցը ադրբեջանական կողմից դրամական համապատասխան փոխանցումները ստացել է, ոչ թե բարի կամք դրսեւորել ու օդը բացելով՝ ասել՝ էստի համեցե՛ք:
Ի դեպ, սա աննախադեպ բան է, երբ պատերազմից հետո հայկական կողմը սիրահոժարություն է դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ՝ գաղտնի պահելով, թե ինչի դիմաց»:


























Comments