ՌԴ-ն, վերազինելով հայոց բանակը, Հայաստանին 2-րդ ռաունդի հնարավորություն է տալիս
- Aug 21, 2021
- 1 min read
Updated: Aug 23, 2021

Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Հայաստանին՝ նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մոսկվան հստակ մեսիջ է հղում Ադրբեջանին՝ Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը, իսկ ՀՀ զինված ուժերի վերազինումը Մոսկվայի և Երևանի սուվերեն իրավունքն է: Մինչ այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն էր հայտնել այն լուրերից, որ ՌԴ-ն պատրաստվում է վերազինել հայոց բանակը: Բաքուն գիտակցում է, որ հայոց բանակի զինանոցում ռուսական արդի սպառազինությունների առկայության պայմաններում ադրբեջանական զինուժը չի կարող անպատիժ ապակայունացնել հայ-ադրբեջանական սահմաններն: Արցախյան հարցը 44-օրյա պատերազմի արդյունքում չի լուծվել։ Դա նշանակում է, որ ապագայում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Հայաստանը կունենա ավելի ուժեղ բանակցային դիրքեր, եթե հզորացնի սեփական բանակը, իսկ ապագա պատերազմում հնարավոր է հետ բերել Արցախի օկուպացված տարածքները:
ՌԴ-ն տեսնում է, որ Թուրքիան կլանում է Ադրբեջանը թուրք-ադրբեջանական տանդեմը պանթուրքական ծրագիրն է կյանքի կոչում, ինչը լրջագույն սպառնալիք է ՌԴ-ի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությունը:
Հզորացնելով հայոց բանակը՝ Մոսկվան Երևանին երկրորդ շանսի, երկրորդ ռաունդի հնարավորություն է տալիս Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմում: Մոսկվայի մեսիջը թուրք-ադրբեջանական տանդեմին հստակ է․ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան հարձակում է ՌԴ-ի վրա՝ Անկարայի և Բաքվի համար դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով:
Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով իրականացնի սահմանների կահավորումն ու ռուսական զենքերի գնումը, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ցանկանում Հայաստանին ոտքի կանգնելու ժամանակ տրամադրել: Հարավային Կովկասում գեոպոլիտիկ բուռն զարգացումները դեռ առջևում են՝ Հայաստան-Ռուսաստան և Թուրքիա-Ադրբեջան տանդեմների պայքարների տեսքով:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովը
Comments