Ադրբեջանը վերածվում է լոգիստիկ խաչմերուկի գերտերությունների համար
- Oct 28, 2021
- 1 min read

Ադրբեջանն ու Համաշխարհային բանկը(ՀԲ) համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում ՀԲ-ը 65 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու Բաքվին: Նշվում է, որ այդ գումարն ուղղվելու է Ալյաթ-Աստարա-Իրանի պետական սահման ճանապարհի վերակառուցմանը։
Ադրբեջանը ցանկանում է վերածվել լոգիստիկ խաչմերուկի մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ՝ՌԴ-ն կապելով Իրանի և Պարսից ծոցի հետ, ինչպես նաև Արևելք-Արևմուտք՝ միմյանց կապելով Կասպից ծովի երկու ափերը:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նիյազի Սաֆարովն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը 13 երկրի հետ համաձայնագիր է ստորագրել՝ Ալյաթի տնտեսական գոտում ներդրումներ իրականացնելու հետ կապված: Ալյաթին Բաքվի մերձակայքում գտնվող նավահանգիստ է, որը Ղազախստանի և Թուրքմենստանի համար տարանցիկ ծառայություններ է մատուցելու:
Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչման համար: Եթե այդ միջանցքը սկսի գործել, Թուրքիան Նախիջևանի և Սյունիքի միջոցով, Զանգեզուրի միջանցքով դուրս է գալու Ալյաթի և Բաքվի նավահանգիստներ՝ այնտեղից լաստանավերով՝ դեպի Ղազախստան և Թուրքմենստան:
Ադրբեջանը կառուցել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը և ունի երկաթգծային, ավտոմոբիլային ճանապարհներ նաև դեպի Սև ծով՝ Բաթումի և Փոթի: Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ներդնում Սև ծով-Կասպից ծով էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար: Ապագայում այդ միջանցքին կարող են միանալ նաև թյուրքախոս Ղազախստանն ու Թուրքմենստանը: Նշենք, որ Չինաստանի Մետաքսի ճանապարհի հատվածներից մեկը՝ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն անցնում է Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ:
Այսպիսով, Ադրբեջանը նավթ և գազ արտահանող երկրից աստիճանաբար վերածվում է տարանցիկ միջանցքի՝ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ուղղությամբ՝ ցանկանալով բարձրացնել Ադրբեջանի գեոպոլիտիկ նշանակությունը գերտերությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի(Արևմուտք), Չինաստանի համար, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների՝ Թուրքիայի և Իրանի համար: Գեոպոլիտիկ դիվիդենտներից բացի, Բաքուն ցանկանում է տարանցման համար ստանալ նաև տնտեսական դիվիդենտներ:
Հայաստանը նույնպես պետք է ակտիվացնի իր լոգիստիկ նախագծերի կյանքի կոչումը՝ Հյուսիս-Հարավ ուղղությամբ, ինչպես նաև ներգրավի չինական, ռուսական, արևմտյան ներդրումներ՝ Հայաստանի լոգիստիկ հզորություններն արդիականացնելու համար: Չմոռանանք, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի անդամ է և կարող է տարբեր երկրների համար դառնալ «կովկասյան պատուհան»՝ դեպի ԵԱՏՄ շուկաներ:
Արտյոմ Բալասանով


























Comments