top of page

Ադրբեջանն Արցախը թրքացնելու ռազմավարություն է որդեգրել

  • Sep 13, 2021
  • 2 min read

ree

Թյուրքական խորհրդի երկրները սեպտեմբերի 10-ին Բաքվում քննարկելու են Ղարաբաղի վերականգնման հարցը: Բաքուն Արցախը թրքացնելու ռազմավարություն է որդեգրել՝ թյուրքական երկրներին, ներդրողներին հրավիրելով այնտեղ: Թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախը ցանկանում է ներկայացնել որպես թյուրքական տարածք, ինչն ահազանգ է առաջին հերթին Իրանի համար: Իրանի ադրբեջանաբնակ հյուսիսային շրջանները՝ Իրանական Ադրբեջանը, սահմանակցում են մերձարաքսյան տարածքներին, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Բաքվի հսկողության ներքո: Ադրբեջանն այդ տարածքները վերաբնակեցնելու ծրագիր է կյանքի կոչելու․ դա նշանակում է, որ Արաքս գետի երկու ափերին բնակվելու են ադրբեջանցիներ: Թուրքիան և Ադրբեջանն ապագայում առաջ են քաշելու, այսպես կոչված Մեծ Ադրբեջանի գաղափարը՝ Իրանական Ադրբեջանի և Ադրբեջանի Հանրապետության վերամիավորումը, ինչն Իրանի պետականության կազմաքանդման ծրագիր է: Թեհրանը շատ լավ է հասկանում թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքական նկրտումները Հայաստանի՝ Սյունիքի և Արցախի, ինչպես նաև Իրանական Ադրբեջանի նկատմամբ: Իրանը մեծ թվաքանակով զորք է կենտրոնացրել երկրի հյուսիսում․ դա նախազգուշացում է Անկարային և Բաքվին, ինչպես նաև հստակ մեսիջ է առ այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է: Հայաստանը պետք է խորացնի կապերն Իրանի հետ։ Երկու երկրներն էլ այսօր, առավել քան երբևէ, զգում են պանթուրքական վտանգը․ Մեծ Թուրանի ծրագիրն Անկարան և Բաքուն 44-օրյա պատերազմից հետո կրկին բերել են օրակարգ: Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռանկյունին փոխում է ստատուս-քվոն Հարավային Կովկասում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ միջազգային զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 12-20-ը՝ Բաքվում։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Թուրք-ադրբեջանական տանդեմը Հարավային Կովկաս է հրավիրում միջուկային տերության՝ սուննիական երկիր Պակիստանին․ համատեղ զորավարժությունները Բաքվում մեսիջ են տարածաշրջանային տերություններին, առաջին հերթին, ՌԴ-ին և Իրանին: Թուրքիան իր պանիսլամական արտաքին քաղաքականության շրջանակում ստեղծում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքը: Ադրբեջանն ամբողջությամբ մտել է Թուրքիայի ռազմաքաղաքական, տնտեսական ազդեցության գոտի, ինչը սահմանափակելու է Ադրբեջանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։ Թուրքիայի և Պակիստանի հետ ռազմական դաշինքը լուրջ մարտահրավեր է Ադրբեջանին սահմանակցող ՌԴ-ին և Իրանին: Անկարան և Իսլամաբադը, հենվելով Ադրբեջանի՝ որպես կովկասյան պլացդարմի վրա, ցանկանում են նվազեցնել իրանական և, հատկապես, ռուսական գեոպոլիտիկ ազդեցությունը Հարավային Կովկասում, Կասպից ծովում, ապագայում նաև Կենտրոնական Ասիայում: Թուրք-ադրբեջանական ուժերը նախապատրաստվում են նոր պատերազմի արցախյան ճակատում: Պակիստանի հետ ռազմական դաշինքը հնարավորություն կտա Բաքվին օգտվել պակիստանցի ռազմական մասնագետների փորձից, ինչպես նաև գնել զինատեսակներ այդ երկրից, որն ունի բավականին զարգացած ռազմական արդյունաբերություն: Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռանկյունու ստեղծումն արագացնելու է ՌԴ-Հայաստան-Իրան ռազմաքաղաքական կապերի խորացումը պանթուրքական սպառնալիքին դիմագրավելու համար: Մեծ Թուրան կառուցելու ճանապարհին Անկարան և Բաքուն կանգ չեն առնելու որևէ խոչընդոտի առջև, այդ թվում՝ ռազմական գործիքակազմ կիրառելով: Տարածաշրջանում տեղի է ունենում նոր գեոպոլիտիկ առանցքների ձևավորում, Հայաստանը պետք է ադեկվատ պատասխանի առկա մարտահրավերներին՝ ուժեղացնելով իր բանակն ու սերտացնելով կապերը գերտերությունների հետ թուրքական նոր կոալիցիայի առջև միայնակ չմնալու համար:

Արտյոմ Բալասանով


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page