Ադրբեջանի բանակի զորավարժությունների ռազմաքաղաքական մեսիջները. վերլուծական
- May 17, 2021
- 2 min read

Մայիսի 16-ից ադրբեջանական բանակում անցկացվում են տարբեր զորատեսակների ներգրավմամբ զորավարժություններ, որոնց ներգրավված են մինչև 15,000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ համազարկային համակարգեր, ականանետներ և հակատանկային զենքեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Ադրբեջանն ուժի ցուցադրություն է իրականացնում Հայաստանի ու Արցախի սահմանների մոտ: Զորավարժություններն ունեն թե՛ ռազմական, թե՛ քաղաքական մեսիջներ: Ռազմական առումով Բաքուն ցանկանում է ցուցադրել սեփական բանակի այսօրվա վիճակն՝ այդ թվում խոշոր խաղացողներին, Թուրքիային և Արևմուտքին, որպեսզի նրանք կարողանան հենվել ադրբեջանական ռազմական գործոնի վրա՝ հակառուսական, հակաիրանական աշխարահաքաղաքական նկրտումները կյանքի կոչելու համար:
Քաղաքական մեսիջը կայանում է նրանում, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, Սյունիքով միջանցք չտրամադրելու պարագայում՝այդ միջանցքը վերցնել ռազմական ուժով: Ադրբեջանի նախագահը վերջերս շատ է խոսում այն մասին, որ ղարաբաղյան հարցը լուծված է՝ այդպիսի հարց գոյություն չունի և զորավարժություններն ուղղված են նաև Մինսկի խմբին՝ եթե դուք փորձեք վերսկսել ղարաբաղյան բանակցային գործընթացն ու կարգավիճակի հարց բարձրացնենք՝ ռազմական նոր բախումն անխուսափելի է:
Ադրբեջանը վերջին տարիներին արդիականացրել է բանակը՝ բազմամիլիարդանոց ռազմական բյուջեի և թուրք-իսրայելական մասնագետների օգնությամբ: Ադրբեջանն արցախյան վերջին պատերազմում գրեթե զրոյացրել էր մարդկային գործոնը ռազմի դաշտում՝շեշտը դնելով առցանց պատերազմի վրա, ԱԹՍ-ների և հրթիռա-հրետանային ճշգրիտ, հեռահար հարվածների:
Հայկական կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, պետք է լուրջ վերանայեն բանակի կառուցվածքն ու հագեցվածությունը՝ 4.5 տարի անց Ալիևը բարձրացնելու է Արցախից ռուսական խաղաղապահների դուրս բերման հարցը՝ դա նշանակում է նոր պատերազմ՝ հայկական կողմերի համար շատ բարդ մեկնարկային պայմաններով՝ դիրքային և ռազմական բալանսի առումով:
Բանակի արդիականացման ծրագիրը պետք է դառնա մոտակա տարիների պետական քաղաքականության առանցքը՝ անվտանգության հետ կապված հարցեր են առաջացել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ադրբեջանը ձգտելու է մաքսիմալ կերպով օգտագործել դիրքային նոր կոնֆիգուրացիան՝ Սյունիքն ու մյուս սահմանամերձ մարզերը՝ գյուղերն ու քաղաքները դատարկելու համար՝ անընդհատ կրակի տակ պահելով կենսական նշանակության ճանապարհները, ինչպես տարիներ շարունակ արվում էր Տավուշի մարզում:


























Comments