top of page

Ադրբեջանը պատրաստվում է արցախյան հաջորդ պատերազմին

Sep 27, 2021
2 min read

Updated: Sep 28, 2021



Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Շուշիում 25 շենքից բաղկացած 6 նոր բնակելի թաղամաս կառուցել։ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանը ռազմական հաջողությունները վերափոխում է տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ դիվիդենտների: Ադրբեջանի իշխանությունները նոր ճանապարհներ են կառուցում պատերազմից հետո նրանց հսկողության տակ անցած տարածքներում: Լոգիստիկան շատ կարևոր է թե՛ տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու, թե՛ ապագա պատերազմում ռազմական տեխնիկան ավելի օպերատիվ տեղաշարժելու համար: Շուշիում ադրբեջանցիներին տներ են տրամադրվելու՝փոխելով հայկական Շուշի քաղաքի էթնիկ-կրոնական դեմքը: Մերձարաքսյան շրջաններում նույնպես կառուցվում են ճանապարհներ, ՀԷԿ-եր, լուրեր են շրջանառվում, որ այդ տարածքներում կարող են բնակեցնել Սիրիայի թուրքմեններին: Բաքուն և Անկարան Իրանի սահմանների երկայնքով նոր թուրքական միջանցք են ստեղծում, որը պետք է ձգվի Նախիջևանից մինչև Ֆիզուլի: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պահանջել Սյունիքով միջանցք՝ հակառակ պարագայում սպառնում է նոր պատերազմով: Արցախի այսօրվա տարածքների շուրջ Բաքուն ստեղծում է ռազմա-քաղաքական, ժողովրդագրական հենարաններ. Շուշիի և ապագայում Աղդամի բնակեցումը Ստեփանակերտը շրջապատելու է ադրբեջանցիներով՝այդ քաղաքներում տեղակայվելու են զորքեր, զինտեխնիկա: Ադրբեջանի համար պատերազմը չի ավարտվել, նրանք արդեն այսօր պատրաստվում են արցախյան 3-րդ պատերազմի՝ արցախյան հարցը հայերի էթնիկ զտման միջոցով վերջնականապես լուծելու համար: Ադրբեջանն Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից, այդ թվում` հետխորհրդային, նոր զինատեսակներ է գնում: Ադրբեջանը ցանկանում է 44-օրյա պատերազմի արդյունքներն ամրապնդել, այսօր նրա հսկողության տակ գտնվող շրջանները վերածել ռազմական պլացդարմների՝ Արցախից ռուսական խաղաղապահների դուրս բերումից հետո նոր հարձակում նախաձեռնելու համար: Հայկական կողմը պետք է վերազինի, արդիականացնի հայոց բանակը՝ ԱԹՍ-ների, օդուժի, հատուկ նշանակության զորքերի ուժեղացման, մոբիլ ջոկատների ձևավորման միջոցով: Ամենակարևորը՝ պետք է պահպանել և հզորացնել Արցախի ՊԲ-ն՝ այն կրկին դարձնել ռազմական գործոն Հարավային Կովկասում՝ արցախահայության անվտանգության երաշխավորը՝ ՀՀ ու Արցախի զինված ուժերն են: ՌԴ-ի, որպեսի ՀՀ-ի թիվ մեկ ռազմա-քաղաքական դաշնակցի միջոցով պետք է ձեռք բերել նոր զենքեր՝ նոր գիտելիքներ, քանի որ 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ պատերազմները դարձել են ավելի գիտելիքահեն՝ մարդկային գործոնը փոխարինվել է նորագույն տեխնոլոգիաներով: Արցախյան 44-օրյա պատերազմից պետք է դասեր քաղել և պատրաստվել արցախյան 3-րդ՝ ամենավճռորոշ պատերազմին: Թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվորեն պատրաստվում է Արցախի վերջնական հայաթափմանը։ Երևան-Ստեփանակերտ տանդեմը, Մոսկվայի աջակցությամբ, պետք է կարողանա դիմագրավել սպասվող մարտահրավերներին: Արտյոմ Բալասանով


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page