top of page

Ադրբեջանը պատերազմի արդյունքներից փորձում է ստանալ մաքսիմալ քաղաքական դիվիդենտներ

Oct 15, 2021
2 min read

Updated: Oct 22, 2021



ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևոր մեսիջներ է հղել, որոնք արտացոլում են Բաքվի դիրքորոշումն Արցախյան հարցի վերաբերյալ, ինչպես նաև այդ երկրի ռազմավարությունը մոտակա տարիների համար:


Ալիևն Արցախյան հարցը համարում է լուծված՝ ռազմաքաղաքական ճանապարհով, այսինքն՝ Բաքվի համար այլևս Արցախյան հարց՝ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի: Դա մեսիջ է Մինսկի խմբին, այդ թվում՝ ՌԴ-ին, որն Արցախում ներկայացված է իր խաղաղապահ ուժերով: Բացի այդ, Ադրբեջանը հայկական կողմին մեղադրեց մզկիթները ոչնչացնելու համար՝ դրանով ցանկանալով հրահրել հակահայկական տրամադրություններ մահմեդական երկրներում, որտեղ առկա են հայկական համայնքներ: Ալիևն այդ մեսիջով Արցախյան հարցին կրկին փորձեց տալ կրոնական երանգ․ այդպիսի հայտարարություններով Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հանդես է եկել տասնամյակներ շարունակ:


Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով հայ ռազմագերիների հարցին, նշեց, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին, իսկ Բաքվում պահվող հայկական բանակի զինվորներին անվանեց «դիվերսանտներ»: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում վերադարձնել հայ ռազմագերիներին՝ նրանց օգտագործելով որպես լծակ՝ Երևանից ականապատ տարածքների քարտեզները կորզելու համար:


Դրան զուգահեռ, Ալիևը ՀՀ-ին ու Իրանին մեղադրել է թմրամիջոցների լոգիստիկա ստեղծելու համար: Ալիևի հակաիրանական մեսիջը կապ ունի Թեհրանի վերջին զորավարժությունների, Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարությունների հետ: Իրանը հստակ նշել է, որ թույլ չի տա թուրք-ադրբեջանական տանդեմին փոխել ՀՀ-ի սահմանները՝ օկուպացնել Սյունիքը: Ադրբեջան-Իրան հակասությունները գնալով սրվում են․ Ալիևի հակաիրանական հռետորաբանությունը կոշտանալու է, ինչը պայմանավորված է Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ռազմաքաղաքական սերտ կապերով, ինչպես նաև Հայաստանի հանդեպ Իրանի բարեկամական դիրքորոշմամբ:


Ալիևի մեսիջները խոսում են այն մասին, որ Բաքուն շարունակելու է զինվել՝ պատրաստվել Արցախի գրավմանը զենքի ուժով, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, ըստ Ալիևի, ժամանակավոր է: Ադրբեջանը պահանջելու է ՀՀ-ից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, ինչպես նաև հրաժարվելով Նախիջևանից: Բաքուն ցանկանում է 44-օրյա պատերազմի ռազմական հաջողություններից ստանալ մաքսիմալ քաղաքական, գեոպոլիտիկ, տարածքային դիվիդենտներ՝ այդ թվում Սյունիքով միջանցք ստանալու տեսանկյունից:


Հայաստանն ու Արցախը պետք է ՌԴ-ի միջոցով վերազինեն բանակը, կառուցեն արդի տնտեսություն, բարձրացնեն Արցախի ՊԲ-ի մարտունակությունն ու պատրաստվեն արցախյան նոր պատերազմին, քանի որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու ամբողջ Արցախը գրավելու մտքից, ինչպես նաև տարածքային նկրտումներից Հայաստանի հանդեպ՝ առաջին հերթին աչքի տակ ունենալով Սյունիքը։



Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page