15-ամյա աղջիկը Լոռու մարզում մատուռից իջնելուց ընկել է ձորը
- May 19, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել է MediaHub-ը, Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։
MediaHub.am-ի հետ զրույցում ոստիկանության հարցին ի պատասխան Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին․ «Ժամը 15,35 «Տաշիր» Բ/Կ- ից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի սալջարդ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Մեծավան գյուղի 2005թ․ ծնված բնակչուհի։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 14-ի սահմաններում իրենց գյուղի հարակից սարալանջին գտնվող «Խարաբեկ» կոչվող մատուռից իջնելու ժամանակ՝ ոտքը սայթաքելու և մոտ 3 մետր գլորվելու հետևանքով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր»։
Comments