Աղվան Հովսեփյանի նկատմամբ իրականացվող արշավը ունի քաղաքական դրդապատճառներ․ պաշտպան

Փաստաբան Գագիկ Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աղվան Հովսեփյանի պաշտպանական խմբում ներգրավված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները ոչ միայն ապօրինի են, այլև ունեն քաղաքական դրդապատճառներ։ Այս հայտարարությունը միանշանակ չի ընկալվել, ուստի կցանկանամ որոշակի բացատրություն ներկայացնել։ Աղվան Հովսեփյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազ ու քննչական կոմիտեի նախագահ և օրենքի ուժով չի զբաղվել քաղաքականությամբ։ Վերջինս ձերբակալվել, անհիմն մեղադրվել և կալանավորվել է ս.թ. սեպտեմբերի 7-ին։
Անցած 10 օրերի ընթացքում պաշտպանական խումբը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է առաջադրված մեղադրանքը, հետազոտել է քրեական գործի մեզ հասու փաստաթղթերը և չի հայտնաբերել փոքրիշատե խելամիտ տվյալ, որը կարող էր նման մեղադրանքի հիմք հանդիսանալ։ Այս կոնտեքստում մեզ այլ բան չի մնում քան հանգել ողջամիտ եզրակացության, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ իրականացվող արշավը ունի քաղաքական դրդապատճառներ։ Ուրախ կլինենք եթե իրավապահ մարմիններն ու դատարանն իրենց հետագա քայլերով հերքեն մեր նման եզրահանգումը»։























Comments