Ադրբեջանի նախագահը ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ
- Jul 23, 2021
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում:
Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ սադրիչ գործողությունները ուղեկցվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է հայտնի եռակողմ հայտարարություններին:
Անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններին՝ ԱԳՆ-ից նշել են, որ թեև Ադրբեջանի նախագահը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, այդուհանդերձ, «Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»։
Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։
Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։
Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։
Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։
Comments