Դավիթ Բաբայանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Զախարովի մահվան կապակցությամբ

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Զախարովի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զախարովի հարազատներին ու բարեկամներին՝ նրա մահվան կապակցությամբ։ Տարիներ շարունակ Վլադիմիր Ալեքսանդրովիչը եռանդագին սատարել է Արցախի ժողովրդի՝ անկախ լինելու և սեփական պետություն կառուցելու արդար ձգտումը, նախնիների հողում ապրելու բնական և անկապտելի իրավունքը։ Նա այդ օբյեկտիվ տեսակետը հիմնավորված կերպով պաշտպանել է գիտական շրջանակներում ու տեղեկատվական դաշտում։ Հիշում ենք Վլադիմիր Ալեքսանդրովիչի հաճախակի այցերն Արցախ, Արցախում անցկացվող գիտաժողովների ժամանակ նրա ելույթները, որոնք շատ հետաքրքիր ու պահանջված էին և միշտ երախտիքով էին ընկալվում արցախցիների և նրանց՝ տարբեր երկրներում ու շրջաններում ապրող բարեկամների կողմից։ Մեր ցավակցությունը հայտնելով այս վշտալի պահին՝ վստահեցնում ենք, որ իսկական ռուս մտավորական և արցախցիների անշահախնդիր բարեկամ Վլադիմիր Ալեքսանդրովիչի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։ Տոկունություն, ոգու կորով և համբերություն ենք ցանկանում։























Comments