Մի կողմից քաղաքացուն հորդորում են պատվաստվել, մյուս կողմից ասում՝ չկա 2-րդ դեղաչափը․ ահազանգ

Առողջապահության նախարարությունը մի կողմից քաղաքացիներին կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ և կանխել համաճարակի տարածումը, մյուս կողմից էլ նրանց փաստի առաջ է կանգնեցնում՝ ուշացնելով պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկումը։ Այդ մասին MediaHub.am-ին ահազանգել է Երևանի բնակիչ Նարինե Արզունյանը, որը մայրաքաղաքի թիվ 11 պոլիկլինիկայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է օգոստոսի 9-ին, իսկ 2-րդը դեռ չեն ներարկել։
«Ասացին, որ երկրորդ չափաբաժինը ստանալու համար օգոստոսի 30-ին մոտենամ պոլիկլինիկա։ Ես աշխատավայրից թույլտվություն վերցրի, գնացի, բայց պարզվեց, որ չկա պատվաստանյութ։ Հարցրի, թե ինչ պետք է անեմ, ասացին, որ մի քանի օր է՝ չունեն պատվաստանյութ, ու պարզ էլ չէ, թե երբ կունենան։ Բարձրացա գլխավոր բժշկի աշխատասենյակ, ինձ քարտուղարուհին դիմավորեց և ասաց, որ տվյալներս թողնեմ, երբ պատվաստանյութ կստանան, ինձ հետ կապ կհաստատեն»,- պատմեց տիկին Նարինեն։
Նա տեղեկացրեց, որ մինչ օրս որևէ զանգ չի ստացել պոլիկլինիկայից, եթե ստանա էլ, այլևս չի կարող գնալ պատվաստվելու, քանի որ այդ նպատակով մեկ անգամ արդեն թույլտվություն վերցրել է աշխատավայրից։ Այդ մասին նաև պոլիկլինիկայում է ասել, բայց նրան պատասխանել են՝ իր խնդիրն է։
«Ես հարցրի, որ եթե, օրինակ, «Astrazeneca» պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը պահվում է, ինչո՞ւ նույն սկզբունքով չի պահվում նաև «Սպուտնիկ V»-ինը, ինձ պատասխանեցին՝ դե, չկա, ի՞նչ անենք»,- նեղսրտած պատմեց տիկին Նարինեն։
Նա նշեց՝ սա այն դեպքն է, երբ քաղաքացին ինքն է ուզում պատվաստվել, բայց հնարավորություն չի ստեղծվում։
«Բացի այդ, ինձ ասել էին, որ պետք է պարտադիր 21 օր անց ստանամ երկրորդ դեղաչափը, սակայն արդեն անցել է այդ ժամկետը։ Աղջիկս զանգել է առողջապահության նախարարության թեժ գիծ, այնտեղից ասել են, որ խնդիր չի առաջանա, եթե անգամ 30 օր անց ստանամ երկրորդ դեղաչափը։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, եթե պարտադիր չէր 21 օր անց պատվաստվելը, ինչո՞ւ հենց այդքան ժամանակ անց ասացին, որ գնամ, թող ասեեին՝ 21-30-օրյա ժամկետում մոտեցեք»,- նշեց նա։
MediaHub.am-ը հետևողական է լինելու՝ պարզելու, թե ինչու է նման խնդիր առաջացել, և առողջապահության նախարարությունն արդյոք ունի՞ որևէ հիմնավոր բացատրություն։
Նարե Գևորգյան























Comments