Ադրբեջանը խնդիրներ է ստեղծում․ մեկ շաբաթ է որոնողական աշխատանքներ չեն իրականացվում
- Oct 25, 2021
- 1 min read

Արցախի փրկարարները մոտ մեկ շաբաթ է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է առաջացնում. փրկարարները պատրաստ են իրականացնել 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները։
«Որոնողական աշխատանքները մեկ շաբաթ դադարեցված են եղել, բայց մենք ամեն օր պատրաստ ենք եղել, որ գնանք, սակայն իրենց կողմը չի թույլատրել»։
Թադևոսյանը նշեց, որ ադրբեջանական կողմն իր վարքագիծը որեւէ կերպ չի պարզաբանել, չի նշել, թե ինչո՞ւ չեն թույլատրում շարունակել աշխատանքները։ Բացառված չէ, որ դա պայմանավորված է օկուպացված տարածքներ վերջերս կատարվող պաշտոնական այցերի և շինարարությունների հետ։
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել վաղը գնալու համար, երևի հարավային ուղղությամբ, տարածքը դեռ չի որոշվել»,- ասաց Թադևոսյանը։
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակը նշեց նաև, որ եղանակային պայմանները թույլ են տալիս շարունակել որոնողական աշխատանքները։























Comments