top of page

ԱԺ են այցելել Արցախյան պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները

  • Sep 29, 2021
  • 1 min read


ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ:


Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:


Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:


Զինծառայողները նշել են, որ իրենց իրավունքների լիարժեք իրացման հարցում հաճախ հանդիպում են խոչընդոտների: Նրանք կարեւորել են հանրային վայրերում թեքահարթակների կառուցման հարցը: Ի տարբերություն 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու չեն: Հանդիպման մասնակից զինծառայողներն այս հարցը համարել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիր: Պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կառավարության կողմից ստանում են աջակցություն: 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն ունեն կրթական, առողջապահական, աշխատանքի և այլ երաշխիքներ:


Անդրադարձ է կատարվել նրանց կրթության, աշխատանքային, սոցիալական, առողջապահական, ազատ տեղաշարժի և այլ իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին:


Քննարկման մասնակիցները հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից կարեւորել են հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տեղեկատվության հրապարակայնությունը:


Պատգամավորները խոստացել են հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը և հնարավորության դեպքում օրենսդրական լուծումներ տալ դրանց կամ իրավասության շրջանակում առաջարկներ ներկայացնել պատասխանատու մարմիններին: Նման հանդիպումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page