top of page

Այս բյուջեում անդրադարձ չկա անգամ պատերազմից հետո կրած կորուստները վերականգնելուն․ Աբրահամյան

  • Dec 8, 2021
  • 1 min read

2022 թվականի պետական բյուջեի նախագծի ռազմական բլոկում առկա գլխավոր խնդիրն այն է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում հռչակված ԶՈւ բարեփոխումների ծրագիրը մինչ օրս չի հաստատվել։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով՝ ԶՈւ բարեփոխումների ծրագիրն անգամ չի քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։


«Մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, մեկ տարի է խոսում ենք ԶՈւ բարեփոխումների մասին, որոնք առարկայական քննարկման անգամ չեն արժանացել, և հիմա քննարկում ենք ռազմական բյուջե։ Մենք չենք ձևակերպել՝ ուր ենք գնում, կամ ինչ մոդելի ԶՈւ ենք կառուցում, բայց բյուջե ենք ներկայացնում»,- նշեց Աբրահամյանը։


Նրա դիտարկմամբ՝ պատերազմից հետո բազում խնդիրներ են առաջացել, բայց այս բյուջեում անդրադարձ չկա կրած կորուստները վերականգնելուն։ Նախագծում արտացոլված չէ անգամ ԶՈւ մարտունակության բարձրացման միտումը։


«Անտրամաբանական է այս պարագայում ռազմական բյուջե քննարկելը»,- վստահեցրեց պատգամավորը։


Նա նշեց, որ զինվորականների ու սպայական կազմի հետ կապված խնդիրներ ևս շատ կան, բայց լուծումներ չկան։


«Մենք խոսում ենք զինուժի գրավչության մասին, բայց մտեք ու նայեք այս նախագիծը, տեսեք՝ սպային անդրադարձ կա՞ այնտեղ։ Հիմա մենք պետք է բանակի վերականգնման հիմքում դնենք այն, որ մեր ինտելեկտուալ ներուժ ունեցող երիտասարդները գան զինուժ, բայց բյուջեի նախագծում տառ չկա դրա մասին»,- նկատեց նա։


Ըստ Աբրահամյանի՝ նախ պետք է ձևակերպել, թե ինչ խնդիր է դրվում զինված ուժերի առաջ, ինչ ակնկալիք կա նրանից, ինչ մոդել է մշակվում։


Պատգամավորը նշեց, որ այս բյուջեին պետք է դեմ քվեարկել՝ անգամ միայն ռազմական բլոկում եղած թերությունները հաշվի առնելով։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page