ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին
- Sep 9, 2021
- 1 min read

Վիեննայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Հանդիպմանը կողմերը կարևորել են հայ-լեհական երկարամյա բարեկամական հարաբերությունները:
Զրույցի ընթացքում արձանագրվեց, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունն իր կարևոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:
Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրել է, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ և երկարատև կարգավորելու գործում, ինչպես նաև քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշեց, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտեց, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, և Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն:
ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այց կատարելու Հայաստան, որի ընթացքում կուղենշվեն հետագա համագործակցության ձեւաչափերը:


























Comments