«Հրապարակ». Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար
- Jul 30, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«7-րդ գումարման խորհրդարանն այսօր իր վերջին նիստը կգումարի` արտահերթ։ Թե ինչ հարցեր են օրակարգում, երեկ իմքայլականները գաղտնի էին պահում։ Երեկոյան նախագծերը տեղադրվեցին ԱԺ կայքում: Իշխանությունը որոշել է վերջին շնչում «Իմ քայլից» քամել այն, ինչ կարող է, եւ հերթական աղմկահարույց նախագիծը սղղացնել։ Առաջարկում են քրեականացնել անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները, սակայն իշխանության «փորացավը» ոչ թե շարքային մահկանացուներն են, այլ՝ պաշտոնյաները։
«Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով», եթե դա կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, «կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»: Եթե դա պարբերական բնույթ է կրում, «պատժվում է տուգանքով` 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով»:
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»:
Comments