Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով․ Ալեն Սիմոնյան
- Sep 9, 2021
- 1 min read

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համաժողովը բարձր մակադակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորեց Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջնային է համարում միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
Նա ընդգծեց, որ չնայած COVID-19-ի առաջացրած խոչընդոտներին՝ բավական ակտիվ համագործակցություն է եղել խորհրդարանական բարեկամության խմբերի միջև: Այս համատեքստում ԱԺ նախագահը շրջադարձային համարեց ՀՀ-ԵՄ համապարփակե և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործունեության մեջ մտնելը, ինչը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար:
Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բանակցություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա և կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով, ինչը թույլ է տալիս մեր երկրին վարել հավասարակշռված և ճկուն արտաքին քաղաքականություն:
Իր հերթին Վոլֆգանգ Սոբոտկան բարձր գնահատեց ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները, ինչի վառ ապացույցն են նաև վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նշվեց, որ մեր երկիրը ողջունում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաև Արցախի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում լուծելու գործում Ավստրիայի ջանքերը:
Վոլֆգանգ Սոբոտկան համոզմունք հայտնեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Կողմերը մանրամասն քննարկեցին Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի խորհրդարանականներին 2020թ. աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում իրենց խորհրդարանում ագրեսիան դատապարտող քննարկումների և հայտարարությունների համար:


























Comments