Եթե այդ առաջարկներն ընդունվեին, թե՛ մեր, թե՛ հայկական կողմից հազարավորները ողջ կմնային․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվան, բնականաբար, մշտական կապ էր պահպանում պատերազմող կողմերի հետ ամենաբարձր մակարդակով։ Նա մանրամասնել է, որ պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց ունեցել են հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։
Այդ ժամանակ պատերազմի մեկնարկից արդեն տասն օր անցել էր, և քննարկել են հարցեր, թե ինչ է պետք անել, որ պատերազմը դադարեցվի։
«Ռուսաստանի նախագահն իր հարցազրույցներից մեկում այդ օրերի մասին արդեն խոսել է և ներկայացրել է այդ պահին եղած առաջարկները, որոնք ռուսական կողմն աջակցել է, սակայն հայկական կողմը մերժել է, և կարծում եմ, որ դրանով էլ կատարել է իր ճակատագրական ու ողբերգական սխալը, քանի որ եթե այդ առաջարկներն ընդունվեին, որոնք ես էի ներկայացրել և Ռուսաստանն աջակցել էր, ապա պարտությունն այդքան ստորացուցիչ չէր լինի, եւ հազարավոր զինվորականներ թե՛ մեր կողմից, թե՛ հայկական կողմից, ողջ կմնային։ Այսինքն՝ այդ զոհերի համար պատասխանատուն հենց հայկական ղեկավարությունն է»,- ասել է Ալիևը՝ մանրամասնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հույս է ունեցել, որ նրանց արևմտյան բարեկամները կօգնեն իրենց։
«Այն բանից հետո, երբ ադրբեջանական վերահսկողությունը հաստատվեց Շուշայում (խմբ․՝ խոսքն ուղիղ մեջբերում է), Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է կատարելու այն, ինչը պետք է կատարեր։ Նա ինձ հարցրեց, թե արդյոք ես մնում եմ իմ դիրքորոշումներին, և ես պատասխանեցի, որ իմ դիրքորոշումները չեմ փոխում, և եթե նրանք հաստատեն իրենց զորքերի դուրսբերման օրերը մնացած տարածքներից, մենք կանգ կառնենք»։
Դա, ըստ Ալիևի, եղել է նոյեմբերի 8-ի երեկոյան։























Comments