top of page

ԱՄՆ-ն Չինաստանի դեմ ստեղծում է «զսպող կոալիցիա»

  • marineyeremyan99
  • Feb 11, 2022
  • 2 min read


ԱՄՆ-ն պետք է չեղարկի Թայվանին 100 միլիոն դոլարի զենք վաճառելու գործարքը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:


ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը մոտակա ապագայում միայն խորանալու է, քանի որ Չինաստանը տնտեսապես, ռազմա-քաղաքական առումով հզորանում է և դառնում գերտերություն, ում շահերը տարբեր աշխարհամասերում բախվելու են ամերիկյան գեոպոլիտիկ շահերի հետ:


ԱՄՆ-ն Չինաստանի շուրջ ստեղծում է «զսպող կոալիցիա»՝ երկրներ, որոնք ունեն տարածքային և այլ խնդիրներ Չինաստանի հետ և զգուշանում են չինական ազդեցության, էքսպանսիայի աճից: Թայվանը Չինաստանի ամենացավոտ խնդիրներից է և պատահական չէ, որ ԱՄՆ-ն զինում է հենց Թայվանին, որպես Չինաստանի դեմ հենակետ կամ «զսպող կոալիցիայի» մասնիկ:


Դրան զուգահեռ, Վաշինգտոնն ակտիվացնում է QUAD (Ավստրալիա, Հնդկաստան, Ճապոնիա, ԱՄՆ) կառույցը, որպես Չինաստանին հակակշռող նոր բևեռ: Օրերս Ավստրալիայի Մելբուրն քաղաքում տեղի է ունենալու այդ կառույցի մեջ մտնող երկրների ԱԳ նախարարների հանդիպում, որտեղ քննարկվելու է նաև Չինաստանին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպելու քայլերը:


Հնդկաստանն աճող գերտերություն է, ունի միջուկային զենք և տարածքային խնդիրներ Չինաստանի հետ: Այս առումով ԱՄՆ-ն զարգացնելով տնտեսական, ռազմական կապերը Հնդկաստանի հետ՝ այդ երկիրը ներառում է Չինաստանին «զսպող կոալիցիայի» մեջ:


Ճապոնիայում տեղակայված են ամերիկյան զորքեր՝ այդ երկիրն ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում: Տոկիոն ունի բարդ հարաբերություններ Չինաստանի հետ՝ վիճելի կղզիների պատճառով: Ճապոնիային անհանգստացնում է չինական աճող տնտեսական, ժողովրդագրական ազդեցությունն ու զինված ուժերի արդիականացումը:


Ավստրալիան՝ անգլո-սաքսոնական ուժերի դաշնակիցն է, հենակետն է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և շարժվում է Լոնդոն-Վաշինգտոն տանդեմի արտաքին քաղաքական ուղենիշների ներքո: Պատահական չէ, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և Ավստրալիան վերջերս ստեղծեցին AUKUS դաշինքը, որի հիմնական թիրախը նույնպես Չինաստանն է:


ԱՄՆ-ն Չինաստանի ծովային սահմանների երկայնքով՝ Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Թայվանից մինչև Հնդկաստան ստեղծում է հենակետեր, որտեղից կարող է հսկել Չինաստանի ակտիվությունը ծովերում, օվկիանոսներում՝ առևտրային տեղաշարժերն ու հետևել ռազմածովային ուժերի զորավարժություններին՝ անհրաժեշտության դեպքում օպերատիվ հակազդելով դրանց:


Այսպիսով, ԱՄՆ-ն չի ցանկանում միայնակ պայքարել Չինաստանի աճող ռազմա-քաղաքական, տնտեսական ազդեցության, ներուժի դեմ և ստեղծում է կոալիցիաներ՝ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և Չինաստանի ուժերը մի քանի ուղղությամբ շեղելու համար:


Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page