ԱՄՆ-ն Չինաստանի դեմ «ասիական ՆԱՏՕ» է ստեղծում

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում մեղադրել է Վաշինգտոնին՝Չինաստանի դեմ կոալիցիա ստեղծելու համար:
ԱՄՆ-ի համար տնտեսական, ռազմա-քաղաքական ահռելի ներուժ ունեցող Չինաստանն՝ազգային անվտանգության սպառնալիք է և չինական աճող ազդեցությունը սահմանափակելու համար Վաշինգտոնը Չինաստանի դեմ կոալիցիաներ է ստեղծում այն երկրներից, որոնք նույնպես զգում են Չինաստանի աճող ազդեցությունից վտանգ կամ մրցակցություն:
ԱՄՆ-ն Չինաստանի սահմանների երկայնքով ձևավորում է այսպես կոչված հակաչինական բևեռ՝ի դեմս Հարավային Կորեայի և Ճապոնիայի: Այդ երկրներում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ՝այդ երկրները համարվում են ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերներն ու ամերիկացիները հաճախակի համատեղ զորավարժություններ են անցկացնում Տոկիոյի և Սեուլի մասնակցությամբ:
Նշենք, որ Չինաստան-Հնդկաստան հարաբերությունները նույնպես լարված են՝տարածքային չլուծված խնդիրների պատճառով և Հնդկաստանը նույնպես կարող է մաս կազմել հակաչինական կոալիցիայի: Չինաստանն ունի ռազմավարական, դաշնակցային կապեր Հնդկաստանի հակառակորդ՝Պակիստանի հետ: Պեկինը Պակիստանի հետ կյանքի է կոչում բազմամիլիարդանոց էներգետիկ-տրանսպորտային նախագծեր՝Չինաստան-Պակիստան միջանցք է կառուցում, զինում է պակիստանյան բանակը:
Վերջերս ստեղծվեց AUKUS ռազմա-քաղաքական դաշինքը՝Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Ամերիկացիներն ամրապնդվում են նաև Խաղաղ օվկիանոսի այդ հատվածում՝վերազինելով Ավստրալիայի բանակն ու ստեղծելով այսպես կոչված «ասիական ՆԱՏՕ»:
Դրան զուգահեռ, ԱՄՆ-ն ամրապնդում է իր ռազմա-քաղաքական կապերը Թայվանի հետ`զինելով Թայվանը, ինչն առաջացնում է Չինաստանի սուր արձագանքը, որը Թայվանն ընկալում է, որպես միասնական Չինաստանի մի մասը:
Այսպիսով, ԱՄՆ-ն Չինաստանի աճող ազդեցությունը կանխելու, չինական տնտեսական էքսպանսիան խաթարելու համար չինական սահմանների երկայնքով ստեղծում է «բուֆերային գոտի» կամ զսպող օղակ: Դա առաջացնում է Չինաստանի սուր արձագանքը՝Պեկինը կյանքի է կոչում Մետաքսի ճանապարհի նախագիծն ու ցանկացած ռազմա-քաղաքական բլոկադա ընկալում է, որպես իր ազգային անվտանգությանն ու տնտեսական անկախությանն ուղղված գործողություն:
Չինաստան-ԱՄՆ գեոպոլիտիկ մրցակցությունը շարունակվելու է սրվել՝Ասիայի համար պայքարը մտնելու է նոր փուլ:
Արտյոմ Բալասանով























Comments