ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի հետ Հայաստանի՝ փակ սահմանների վերաբացման ջանքերին․ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան ելույթ է ունեցել ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Այդ մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Միջոցառումը սեպտեմբերի 30-ին կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:
Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
«Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին ՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեան:
Իր խոսքի վերջում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կրկին շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը և հայտնել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր արժեքների հիման վրա ավելի ամուր կապեր հաստատելու համար:























Comments