ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինան և Վրաստանն ամբողջությամբ դուրս բերել ՌԴ ազդեցության գոտուց
- Oct 18, 2021
- 1 min read

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում շաբաթվա վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին ընդառաջ՝ առաջիկա օրերին այցելելու է Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա, հայտնում է Պենտագոնի կայքը։
ԱՄՆ-ը շարունակում է հետխորհրդային տարածքից ՌԴ-ին դուրս մղելու իր քաղաքականությունը՝ հենվելով ՆԱՏՕ ձգտող Ուկրաինայի և Վրաստանի վրա, որոնք սահմանակից են ՌԴ-ին:
Արևմուտքը ցանկանում է ռուսական սահմանների երկայնքով ստեղծել բուֆերային երկրների կոալիցիա, որոնք ունենալու են հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշներ, որոնց տարածքում տեղակայվելու են ամերիկյան, նատօական զորքեր՝ ռուսական գեոպոլիտիկ նկրտումները զսպելու համար: Սև ծովում Ղրիմի թերակղզին ՌԴ-ին միավորվելուց հետո ամրապնդվել են Մոսկվայի ռազմա-քաղաքական դիրքերն ու պատահական չէ, որ Պենտագոնի ղեկավարն այցելում է հենց սևծովյան երկրներ՝ Ուկրաինա, Վրաստան և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիա:
ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել ՌԴ-ի գեոպոլիտիկ դիրքերը հետխորհրդային տարածքում՝թույլ չտալով ԽՍՀՄ-2-ի վերածնունդը: ՌԴ-ն ամրապնդում է իր ռազմա-քաղաքական դիրքերը հետխորհրդային տարածքում, որը համարում է իր կենսական շահերի տարածք՝ԵԱՏՄ-ի միջոցով, որպես տնտեսական լծակ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, որպես՝ռազմական լծակ և հարթակ:
Մոսկվայի համար Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ի անվտանգային տեսանկյունից կարմիր գիծ է: ՌԴ-ն թույլ չի տալու, որպեսզի իր սահմանների երկայնքով՝Ուկրաինայից մինչև Վրաստան, որը սահմանակից է անհանգիստ Հյուսիսային Կովկասին, ձևավորվի ամերիկյան սատելիտներից բաղկացած կոալիցիա:
Պատահական չէ, որ ՌԴ-ն Ղրիմի թերակղզին միավորեց իր տարածքին, աջակցում է Դոնբասի հանրապետություններին, ինչպես նաև 2008թ.-ի հարավօսական պատերազմից հետո ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան՝ այնտեղ տեղակայելով ռուսական զորքեր: Սա հստակ մեսիջ է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, ինչպես նաև Կիևին և Թբիլիսիին, որ Մոսկվան չի հանդուրժելու ՆԱՏՕ-ական Ուկրաինա և Վրաստան:
Հետխորհրդային տարածքի համար ՌԴ-ԱՄՆ պայքարն ու մրցակցությունը շարունակվելու են: Արևմուտքը ցանկանում է հնարավորինս շատ հետխորհրդային երկրներ դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց և դարձնել ՆԱՏՕ-ի անդամ կամ Արևմուտքի ազդեցության գոտի:
Արտյոմ Բալասանով
Comments