Մեսիջ՝ Անկարային և Բաքվին. Հայաստանի անվտանգությունը ՌԴ-ի համար «կարմիր գիծ» է

Միջանցքների հարցը չի քննարկվում: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով` քննարկվում է Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:
Օվերչուկը նաև նշել է, որ Հայաստանի հետ սկսվել է միջնաժամկետ հեռանկարում նոր ռազմավարական միջկառավարական փաստաթղթի մշակումը․ խոսքը մինչև 2025 թ․ տնտեսական գործակցության ծրագրի մասին է:
ՌԴ-ն կարևոր մեսիջ է հղում թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Սյունիքից ոչ մի մետր հող չի զիջվելու Ադրբեջանին, հնարավոր է միայն լոգիստիկ ուղիների վերաբացումը՝ գործարկումը:
Մոսկվան իր հայտարարությամբ զսպում է Բաքվի «տաք գլուխներին», որոնք Հայաստանին սպառնում են նոր պատերազմով, եթե Սյունիքով դեպի Նախիջևան միջանցք չտրամադրվի: ՌԴ-ն Սյունիքում տեղակայել է Անվտանգության դաշնային ծառայության զորքերը, դրան զուգահեռ հայ-իրանական սահմանը հսկվում է ռուսական սահմանապահների կողմից: ՌԴ-ն շարունակում է հանդիսանալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը:
Բացի այդ, ՌԴ-ն ցանկանում է տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ մշակվում է տնտեսական գործակցության նոր փաստաթուղթ՝ մինչև 2025թ.: Մոսկվան ցանկանում է հզորացնել հայկական տնտեսությունը, ինչը թույլ կտա մեծացնել ՀՀ բյուջեն, ավելացնել ռազմական ոլորտին, բանակին ուղղվող դրամական միջոցները, կանխել արտագաղթն ու ստեղծել նոր աշխատատեղեր հատկապես մարզերում:
Հայ-ռուսական ռազմաքաղաքական, տնտեսական հարաբերությունները հետպատերազմական շրջանում պետք է բարձրանան որակական նոր մակարդակի։ Դա բխում է Հայաստանի ու ՌԴ-ի երկարաժամկետ գեոպոլիտիկ շահերից: Միաժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է իր ծավալապաշտական, պանթուրքական քաղաքականությունը ՀՀ-ի ու Արցախի դեմ:
Նշենք, որ հայ-ռուսական հարաբերություններում անկյունաքարային է դառնում ռազմատեխնիկական և տնտեսական գործակցությունը: ՌԴ-ն արդի զինատեսակներ է տրամադրելու հայկական բանակին՝ Ադրբեջանի հետ ռազմական բալանսը վերականգնելու համար, ինչպես նաև տնտեսական ծրագրեր իրականացնելով՝ թույլ է տալու հայկական տնտեսությանը նոր շունչ ստանալ:
Արտյոմ Բալասանով























Comments