Անկլավները թշնամուն հանձնելու փաստաթուղթը մայիսից է մշակվում․ ի՞նչ է սպասվում եռակողմ նոր հանդիպմանը
- Oct 23, 2021
- 1 min read

Այսօր ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, որ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կկայանա նոյեմբերի առաջին տասնօրյակում, իսկ հայկական մամուլը գրեց, որ այն տեղի կունենա 44-օրյա պատերազմի ավարտի օրը՝ նոյեմբերի 9-ին։ «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրի փոխանցմամբ էլ քաղաքական գործիչները բանակցությունների շրջանակում ծրագրում են ստորագրել եռակողմ հայտարարություններ:
Այս լուրերին արձագանքել են ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Վերջիններս, սակայն, չեն հաստատել, որ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 9-ին, միաժամանակ, ոչ էլ հերքել են, որ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում։
Մամուլում տարածված լուրերի համաձայն, մասնավորապես, ստորագրվելու է երկու հայտարարություն սահմանագծման ու սահմանազատման մասին, անկլավների հարցը ևս կորոշվի և կքննարկվի ապաշրջափակման, միջանցք տրամադրելու հարցը։
Քննարկումների սեղանին նման փաստաթղթեր լինելու մասին հայտնի էր դարձել դեռևս մայիսի 19-ին։ Այդ ժամանակ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում հրապարակեց մի փաստաթուղթ (որի մի մասը քողարկված էր) և հայտնեց, որ ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել Հայաստանի տարածքում գտնվող 6 գյուղեր, այսպես կոչված՝ անկլավներ։

Ավելի ուշ կիկին տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվեց փաստաթղթի, ենթադրաբար, ամբողջական տարբերակը, իսկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հրապարակվածն, իրոք, քննարկումների սեղանին դրված փաստաթղթի նախագիծ է և, իր կարծիքով, դրա ստորագրումը բխում է Հայաստանի շահերից։
Հետևաբար, եթե եռակողմ նոր հայտարարություն ստորագրվի, որը վերաբերելու է անկլավներին, հավանաբար, հիմքն այս փաստաթուղթն է։

Անկլավների հարցն առաջացել է խորհրդային տարիներին, երբ մեր տարածքից արհեստականորեն անկլավներ են տրվել Ադրբեջանին, իսկ սահմանները գծվել են՝ հաշվի չառնելով ճանապարհների տեղակայումը։
Անկլավներ են համարվում Իջևան համայնքի Ներքին Ոսկեպար բնակավայրը, Նոյեմբերյանի՝ Սոֆուլու, Վերին Ոսկեպար, Բարխուդարլի, Բաղանիս, Այրում, Խեյրիմլի և Ղզըլհաջլի գյուղերը, Պարույր Սևակ համայնքի Տիգրանաշեն բնակավայրը։
Անկլավներից Տիգրանաշենի հանձնման հետևանքը, սակայն, կարող է լինել Հայաստանի հարավի հետ հաղորդակցության ընդհատումը, քանի որ Երևան-Գորիս ճանապարհը Տիգրանաշենի հատվածում հայտնվելու է թշնամու վերահսկողության տակ։
Արմինե Նավոյան


























Comments