Փաստացի, երկրի ղեկավարը միանձնյա, բանավոր դելիմիտացիա է իրականացնում․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Այս իշխանությունը հակապետական քայլ է արել՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելով։ Այդ մասին այսօր խորհրդարանում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն էլ այսօր հայտարարում է, որ ադրբեջանական ոստիկանական կետը տեղակայված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, թեև, սա արդեն Հայաստան-Իրան հարաբերությունների հետ կապված նոր խնդիրների հիմք է։
«Ինձ հետաքրքրում է՝ արդյոք հաշվարկե՞լ էին այս իշխանությունները, թե ինչ կարող էր լինել Կովսականն ու Սանասարը թշնամուն հանձնելուց հետո։ Երկու շաբաթ առաջ էլ Սյունիքի երեք գյուղեր մնացին շրջափակման մեջ, հնարավո՞ր է նման սցենարի կրկնություն․ դա՛ է պետք հասկանալ»,- նկատեց նա։
Բացի այդ, Աննա Գրիգորյանը շեշտեց՝ Շուռնուխն ու Որոտանը բացառապես հայկական տարածքներ են, և եթե անգամ այս իշխանությունները հղում են տալիս ԽՍՀՄ քարտեզներին, ապա պետք է հասկանալ՝ ինչ քարտեզներ են դրանք։
«Որևէ խոսակցություն այս առումով չի կարող լինել։ Փատացի, երկրի ղեկավարը միանձնյա, բանավոր դելիմիտացիա է իրականացնում»,- ասաց նա։
Աննա Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական անունները, որոնք Փաշինյանը հնչեցնում է, ինքն անգամ չէր էլ լսել։























Comments