Արձան կանգնեցնել այն պատճառով, որ Թանկյանը սատարել է հեղափոխությանը, տրամաբանական չէ․ Աննա Մայիլյան

Երեկ՝ հունիսի 25- ին, հայտնի դարձավ, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են Երևանում տեղադրել Հակոբ Թոքմաջյանի հեղինակած SOAD խմբի անդամների խմբաքանդակը։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է հայ երգչուհի, ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի հետ։
«Նախ կարծում եմ՝ Սերժ Թանկյանը դեռ ողջ է և վաղ է, որ նա հուշարձան ունենա կյանքի օրոք։ Շատ ու շատ անուններ կան, որոնք իրենց բացառիկ ազգանվեր գործունեությամբ մեծ ավանդ են թողել սերունդներին և դեռ ոչ մի արձանի չեն արժանացել»,- նշեց երգչուհին։
Նա ասաց, որ չի թերագնահատում Սերժ Թանկյանի ներդրումը ռոք արվեստի մեջ, նա բազմաթիվ երկրպագուներ ունի, բայց արձան կանգնեցնել այն պատճառով, որ սատարել է հեղափոխությանը, տրամաբանական չէ։
«Հենց ինքը՝ արվեստագետը, պետք է դեմ լինի նման գաղափարի։ Ժամանակն է որոշում իսկական, ազնիվ կյանքի ընթացքը և, եթե այդ արժեքը, որպես հիշատակ, արձանի տեսքով է շարունակում իր հավերժության ընթացքը, ապա մնում է սերունդների համար կարևոր և պահպանվում է որպես ազգային պատմական արժեք ներկայացնող փաստ»,- մեկնաբանեց Մայիլյանը։
Աննա Մայիլյանը հույս հայտնեց, որ Սերժ Թանկյանը, որպես արվեստագետ և հայրենասեր մարդ, կհրաժարվի այդ գաղափարից։
Հակառակ դեպքում, ըստ երգցուհու, պետք է արձաններ կանգնեցվեն շատ այլ արժեքավոր հայորդիների պատվին, որոնք մեծ գործ են արել մեր երկրի համար, բայց, ցավոք սրտի, չեն արժանացել նման վերաբերմունքի։
ՀՀ վաստակավոր արտիստը հույս հայտնեց, որ ամեն ինչ կլինի տրամաբանության սահմաններում։























Comments