ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրողների ակտիվություն է նկատել, խախտումներ չի ֆիքսել

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում է ԱՊՀ 96 դիտորդ:
Այդ մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողներին հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:
«Այսօր առավոտից ԱՊՀ դիտորդները մասնակցել են ընտրատեղամասերի բացմանը Երևանում: Նրանցից շատերը շրջաններում են, դիտարկելու են, թե ինչպես է ընթանում քվեարկության գործընթացը»,- ասաց նա ու հավելեց, որ անձամբ է ներկա եղել ընտրատեղամասերից մեկի բացմանը:
Առաքելության ղեկավարը շեշտեց, որ ընտրատեղամասի բացումը եղել է ժամանակին: Դիտարկվել են նաև սարքավորումները, օրինակ, տեսախցիկները: Նա արդեն հասցրել է մի քանի ընտրատեղամասերում լինել:
«Վերջին դպրոցում 10:20-ի դրությամբ տեղամասի ընտրողների 15 տոկոսն արդեն քվեարկել էր: Այսպիսով, մենք ընտրողների ակտիվություն ենք տեսել»,- ասաց առաքելության ղեկավարը:
Հայաստանի հրավերով ԱՊՀ դիտորդները սկսել են աշխատել մայիսի 31-ից:
Դիտորդություն են իրականացնում ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից, Ռուս-բելառուսական միությունից և ԱՊՀ աշխատակիցներ:
«Նրանց թվում կան շատ փորձառու դիվանագետներ, պատգամավորներ, մարդիկ, որոնք մասնակցել են շատ ընտրությունների: ԱՊՀ դիտորդական առաքելությունը ձևավորել է փորձառու անձանցից»,- վստահեցրեց առաքելության ղեկավարը:
Դիտորդները Հայաստանում շատ տեղեր են այցելել, քննարկումներ իրականացրել, ընտրատեղամասերի փակումից հետո նրանք նույնպես կաշխատեն, դիտորդական առաքելության գնահատականը կկազմեն այսօր երեկոյան:
«Կհավաքվենք, կքննարկենք, կպատրաստենք միանգամայն օբյեկտիվ փաստաթուղթ»,- ասաց նա:
Առաքելության ղեկավարը շեշտեց, որ չնայած կարճ ժամանակահատվածին, ԿԸՀ-ն մեծ աշխատանք է կատարել, կազմակերպել, անցկացրել է դասընթացներ, վերապատրաստումներ և այլն:
«Նրանք նախապատրաստվել են, որ ընտրություններն անցկացվեն բարձր, կազմակերպված մակարդակով»,- ասաց նա:
Առաքելությունը մինչ այս պահը խախտումներ չի ֆիքսել:























Comments